Դագաղի վրա լացող մարդու արցունքախեղդ խոսքերը հալած յուղի տեղ չեն ընդունում: Սփոփում են սգավորին:
Արցախյան պատերազմի տարիներին բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որդեկորույս մայրն իր իսկ որդու ընկերոջը ասել է.
–Երանի դու մեռնեիր որդուս փոխարեն:
Էրեկ գիշերն ահավոր ցավով լուսացավ, ի՞նչ կլինի էսօր, չգիտենք: Ցանկացած զոհ ցավ է, ու ցավի մեջ մեղադրանք, ու ցավի մեջ բողոք: Ոմանք դա անում են չմտածելով, ոմանք էլ շահ ունեն: Վերջինը սարսափելի է:
Մշտապես մեղավորներ ենք փնտրում ու գտնում:
Օրինակ են բերում իսրայելական բանակը՝ իր սահմանապահ հզոր համակարգերով ու հետախույզ մոծակներով:
Այդ հետախույզ մոծակներով հանդերձ՝ իսրայելական բանակն ամեն տարի մի քանի տասնյակ կորուստ է ունենում միայն Գազայի հատվածում (ուրիշի կորուստը մեր ցավը չի մեղմացնում, սխալ չհասկանաք): Սկզբունքորեն կռվում է փաստացի իր պետության մաս կազմող ազգային փոքրամասնության դեմ, սկզբունքորեն ունի աշխարհի հզորագույն ավիացիաներից ու հետախուզություններից մեկը, բայց էլի տալիս է կորուստներ: Ես չգիտեմ՝ ամեն կորուստի հետ Իսրայելում պահանջո՞ւմ են պաշտպանության նախարարի կամ արտաքին գործերի նախարարի հրաժարականը, թե՝ ոչ:
Անցնենք հարևանին:
Ո՞րն է մեկ կամ մի քանի զինվոր սպանելու Ադրբեջանի նպատակը:
Իմ կարծիքով՝ հենց Հայաստանում ներքին բողոք ու անհնազանդություն առաջացնելը, որը չկառավարելու դեպքում բերում է քաոսի, իսկ քաոսը հնարավոր չէ կառավարել: Նախագահների հանդիպումից առաջ երկրի ներքին լարվածությունը կբերի ՀՀ նախագահի դիրքերի թուլացման, քանի որ ՀՀ նախագահը մշտապես նշում է, որ հայկական բանակի գլխավոր արժեքը զինվորն է: Իսկ Ադրբեջանն այսօր հարվածում է զինվորին:
Բայց Ադրբեջանն էս հաշվարկներում մի շատ կարևոր բացթողում ունի: Երկու անհայտով մի հավասարում չի լուծվում:
Անհայտ 1. Ի՞նչ պատասխան կտա Հայաստանը մինչև նախագահների հանդիպումը կամ դրա ընթացքում։
Անհայտ 2. Հայկական պատասխանն ինչպե՞ս կազդի հենց բանակցությունների վրա:
Էս բացթողումը երևի հասկանում են, բայց չգիտեն՝ որն է երկրորդ հավասարումը: Ինչպես փորձը ցույց է տալիս, անգամ երկրորդ կամ երրորդ հավասարումը գտնելու պարագայում մեր կողմից ավելացված անհայտների թիվը մշտապես ավելանում է:
Թող առավոտը բարի բացվի: Ու եթե պիտի լացի, թող ադրբեջանցի մայրը լացի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել