Այս պահին, երբ գրում եմ հերթական հոդվածը, ականջիս հրավառության ձայներ են հասնում։ Հանրապետության հրապարակում ուր որ է կվառվեն ամանորյա տոնածառի լույսերն ու գլխավոր հրապարակից կմեկնարկի Հայաստանի ամանորյա տրամադրությունը։ Օդի մեջ Նոր տարվա հոտ կա՝ եղևնի, լույսեր, զարդարուն ու հևքոտ քաղաք, կարմիրի ու սպիտակի առատություն ու սպասում, սպասում...
Ու աննահանջ հուսահատության, արժեզրկումի և հոռետեսության մեր ժամանակներում Ամանորը գրեթե հարկադրում, պահանջում է լավատես լինել։ 
Հավանաբար հենց լավատես լինելու և իրականությունը փոխված տեսնելու մղումով ինձ նման շատերն էին հետևում անցած շաբաթ օրը տեղի ունեցող ՀՀԿ համագումարին։
Հետեւում էի 7 հազար տեղանոց դահլիճում գումարված համագումարին եւ լսում ելույթներ այն մասին, թե որքան է այս ընթացքում ավելացել խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը հանրապետությունում, թե ինչպես են երկրի 80 հազար կանայք միահամուռ իրենց ձայնը տալու եւ սատարելու հանրապետականին ու նրա միակ թեկնածուին, թե ինչպես է իշխող կուսակցությունը ապահովում Հայաստանի առաջընթացն ու էլի այսպիսի բաներ։
Ես, որ գրեթե անտարբերության չափ կորցրել եմ զարմանալու և մեր իրականության մեջ տրամաբանություն փնտրելու ունակությունս, ինքս ինձ հարց եմ տալիս ու փորձում հասկանալ՝ էս ի՞նչ ֆենոմենալ հավատարմության գործոն է, ինքնակեղեքումի սյուրռեալիստական էս կրկեսն ինչո՞ւ են բեմադրում։ Ինչպե՞ս կարող են 80 հազար հայ կանայք սատարել երկրի գործող նախագահին, երբ աղքատությունը 40 տոկոսի սահմանում է, երբ սոցիալական ահռելի բեռը առաջին հերթին կեղեքում է հայ կնոջը, երբ յուրաքանչյուր կին հոգու աննկարագրելի տագնապ է ապրում զորակոչի տարիքի հասած որդու համար, երբ այդ նույն կանայք անասելի ապրումներ են ունենում «խոպաններում» հյուծվող իրենց ամուսինների, որդիների ու եղբայրների համար։
Բայց դահլիճում բազմած, օսլայած շապիկներով, թանկարժեք կոստյումներին կուսակցական կրծքանշանով տղերքն ու հարդարված, էլիտար կուսակցական կանայք անհոգ են ու հանգիստ՝ նրանք չեն կասկածում իրենց թեկնածուի հաղթանակին, նրանց մտքով չի էլ անցնում, որ վերջին երկու ամսում, անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ, 7 հազարով ավելի մարդ է լքել Հայաստանը.... Ճիշտ այնքան, որքան տեղավորում է այդ հսկայական մարզադահլիճը։ 
Նախագահն ավելի անկեղծ է, իսկ խոստումներում՝ ռոմանտիկ ու շռայլ. Նոր Հայաստանի ու նրա արժանապատիվ քաղաքացու մասին է նա խոսում, այն Հայաստանի, ուր հասարակությունը բարեկացիկ է, քաղաքական համակարգն առողջ է, երկիրն անվտանգ է, արդար ու ապահով, մարդը՝ բարձրագույն արժեք։ Գրեթե ծիրանագույն բուրաստան։ Ես էլ եմ ուզում այս Հայաստանը՝ Նոր Հայաստանը, շատերի պես մտածում եմ ես ու հաստատ, մեղավորորեն, գրեթե ինձնից թաքուն, որոշում հավատալ, լավատես լինել։ 
Ու խեղճ հավատս, մի կարգին չծնված էլ, առավոտյան փոխակերպվում է զարմանքի։ 
Խոսքն առաջին ձյան, բակում ձնեմարդ պատրաստող, դեռ «դավերին ու ցավերին» անտեղյակ մանկական երջանիկ աղմուկի, ոչ էլ՝ Mezzo հեռուստաալիքով հնչող Կալասի աստվածային ձայնի մասին չէ։ Սրանք չդադարող ու սիրելի զարմանքներ են՝ կյանքը հիասքանչ ու գեղեցիկ դարձնող։ 
Հայաստանում կիրակին սկսվում է զզվելի ու կեղտոտ դեմքով։ Համացանցը ողողված է Օսկանյան-Զուրաբյան զրույցի գաղտնալսումի ձայնագրությամբ. արևելյան, տիզբոնյան նենգ ձեռագիր, ուր դավադրություններն ու կոմպրոմատներն են իշխանության «որակյալ» զինանոցում։ 
«Մի՞թե սա է Հայաստանը»,-հարցնում եմ ես ու Հայաստանի հազարավոր ինձ նման քաղաքացիների հետ հրաժեշտ տալիս մեր անհող լավատեսությանն էլ, բարօրության, արժանապատիվ քաղաքացու և արդար քաղաքական համակարգի մասին խոստումներին էլ։ 
Իսկ անցնող շաբաթվա ընթացքում խոստումների անպտղությանն ու մեր քաղաքական մշակույթ-ավանդույթների անխմբագրելիությանը բախվելու մի տխուր, եթե ոչ՝ գարշելի առիթ էլ ենք ունենում։ Քաղաքական մեծամասնության հերթական մականունավոր «հեղինակությունը»՝ Թոխմախի Մհեր անունով «ազգընտիրը», տեսախցիկի առջև, Ազգային ժողովում ահաբեկում է լրագրողին ու երեսին շպռտում՝ կտամ ծնոտդ կպոկեմ։ Առայժմ ոչ գնահատական և ոչ էլ պատասխանատվություն։
«Սա է Հայաստանն ու վերջ»։ Այս նախադասությամբ է եզրափակվում ՀՀ նախագահի ելույթը, ու նա հաստատ նկատի ունի իր նկարագրած՝ վերբալ Հայաստանը։
Բայց մեր հասարակությանն այլևս խոսքերով չես ներշնչի։ Այդպիսի ելույթներ շատ ենք լսել, իսկ մեր իրականությունը համառորեն չի փոխվել։
Սա է Հայաստանը, և գուցե հենց այս՝ իրական Հայաստանից են մարդիկ փախչում և ոչ աղքատությունից։ 
Ու ես մտածում եմ, թե էլ ի՞նչ պիտի լինի, որ զարմանամ։ 
Իսկ Հանրապետության հրապարակում վառվել են ամանորյա տոնածառի լույսերն ու Նոր տարվա բույրը գրեթե հարկադրում, պահանջում է լավատես լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել