Ավելին՝ այդ ճգնաժամը խորանալու և աշխարհագրորեն ընդլայնվելու հսկայական ներուժ է պարունակում, ինչը կարող է արդեն տեսանելի ապագայում պատճառ դառնալ, որ մեր և հարակից տարածաշրջանների ճակատագրի վերաբերյալ 1921 թվականին կայացված համատեղ ռուս-թուրքական որոշումները վերանայվեն և միակողմանիորեն չեղարկվեն: Այդօրինակ քայլի համար ռուսական կողմը կարող է բերել այն պատճառաբանությունը, որ պաշտոնական Անկարան, խախտելով երկկողմ պարտավորությունները, աջակցում է ՌԴ-ի և վերջինիս օրինական իշխանությունների դեմ գործող զանազան ապօրինի զինված խմբավորումների գործունեությանը, խրախուսում է տարատեսակ միջազգային ահաբեկչական կառույցների՝ ՌԴ քաղաքացիների կյանքի, գույքի ու հիմնարար իրավունքների դեմ ուղղված բռնի գործողություններին: Մի խոսքով՝ ռուսական կողմը միանգամայն հիմնավոր կերպով կարող է առոչինչ հռչակել 1921 թվականին Մոսկվայում ստորագրված և առ այսօր գործող ռուս-թուրքական պայմանագիրն իր բոլոր հավելվածներով: Ռուսական կողմի այս քայլի անմիջական հետևանքը հավանաբար կդառնա նաև քառակողմ (Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան) Կարսի պայմանագրի չեղարկումն այդ պայմանագիրը ստորագրած պետություններից մեկի նախաձեռնությամբ: Դրանից հետո մեր տարածաշրջանում միանգամայն նոր իրավիճակ կձևավորվի, քանի որ կառաջանա որոշակի իրավական վակուում միջպետական սահմանների փոխադարձ ճանաչման և, հատկապես, այլևս անորոշ իրավական կարգավիճակի մեջ հայտնված արհեստածին ինքնավար կազմավորումների ապագայի հեռանկարները հստակեցնելու տեսանկյունից: Այս նոր իրավիճակում Թուրքիան կարող է որոշակի տարածքային պահանջներ ներկայացնել Վրաստանին՝ ետ պահանջելով Բաթումն իր շրջակայքով և, անգամ, որոշակի ախորժակներ դրսևորելով Աբխազիայի հարցում: Միանգամայն նոր իրավիճակ կառաջանա նաև Արցախի ու Նախիջևանի մասով և սրան է, որ մենք պետք է լրջորեն պատրաստ լինենք՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել