Բժշկական ախտորոշումը երբեմն դատավճռի պես է հնչում. եթե հիվանդությունը ծանր է, շատերը հուսալքվում են… սակայն կյանքի համար պետք է պայքարել, ու ոչինչ անհնարին չի թվա:
Հայտնի մարդկանց շրջանում էլ կան մարդիկ, ում հանդեպ «դատավճիռն» անողոք է եղել, սակայն նրանք որոշել են պայքարել ու փոխել դա:
Երգահան Էդգար Գյանջումյանն արյան քաղցկեղ ուներ, որը հաղթահարել է մոտ տասը տարի առաջ: Դրանից հետո նա ստեղծել է «Օգնեմ» հիմնադրամը` այդ հիվանդությամբ տառապող երեխաներին աջակցելու համար:
Իր հարցազրույցներից մեկում Էդգարը նշել է, որ բուժման ընթացքում հոգեբանական ճգնաժամեր ունեցել է, սակայն գիտակցել է, որ չպետք է ընկճվի, քանի որ ամեն ինչ հաղթահարելի է:
Երգչուհի Նադեժդա Սարգսյանը նույնպես անցել է քաղցկեղի դժվարին ճանապարհով: Երգչուհին հեշտ հանձնվող չէ և հիվանդության մասին իմանալուց հետո որոշել է պայքարել ու բուժվել: Նա նշել է, որ գիտակցել է՝ ինքն ավելի ուժեղ է, քան հիվանդությունը և պետք է առողջ լինի, քանի որ ունի երեխա:
Ի դեպ, բուժումը սկսելուց առաջ երգչուհուն իր խորհուրդներով օգնել է Սամվել Գրիգորյանը, ով ևս անցել է այդ ճանապարհով: Երգչի մոտ տարիներ առաջ հայտնաբերվել էր չարորակ ուռուցք: Նա բուժման կուրսն անցել է Գերմանիայում, որտեղ, ըստ նրա, բժշկական ոլորտի լավագույն մասնագետներն են հավաքված:
Մոտ մեկուկես տարի առաջ կյանքի համար պայքարում էր նաև հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը: Վերջինս պարբերաբար գրառումներ էր անում ծանր հիվանդությունը հաղթահարելու, կյանքը վերարժևորելու մասին: Այժմ Գայանեն չի մանրամասնում, թե ինչ խնդիր է ունեցել, սակայն նշել է, որ եղել է նաև բժշկական սխալ ախտորոշում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել