Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի վերջերս տված ասուլիսը, որտեղ նա խոսում էր իր՝ ՀՀ քաղաքական դաշտ մուտք գործելու մասին, բավականին ակտիվ քննարկումների առիթ էր դարձել: 
Հնչում էին բազմապիսի կարծիքներ տարբեր շրջանակների կողմից:

Այս հարցին անդրադարձել է նաև Արա Աբրահամյանի տեղակալ Լևոն Մուկանյանը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարդալով որոշ օգտատերերի գրառումներն ու հրապարակումները՝ ակամայից հիշում ես հայ ժողովրդի մեծ զավակ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր խնդիրը ոչ թե նրանում է, որ աշխարհում կան թուրքեր, այլ նրանում, որ կան թուրքանման հայեր»»:

Եթե Արա Աբրահամյանին վիրավորել են, ապա դա միանշանակ անընդունելի է: Ամեն դեպքում այս խնդրի լուծման ճանապարհը դատական ատյաններն են:

Քննադատություններ միշտ էլ կարող են հնչել քաղաքական-հասարարական գործիչների հասցեին, սակայն քննադատողներին թուրք անվանելով՝ ոչ ոք երկար ճանապարհ չի անցնի: 
Եթե Արա Աբրահամյանն ու իր թիմը կարծում են, որ սրան-նրան թուրք անվանելով՝ օրինակելի կերպար են դառնում, ապա սխալվում են:

Նաև պետք է նշեմ, որ օրենսդրության շրջանակներում քաղաքական դաշտ մուտք գործել ցանկացող ցանկացած գործչի նկատմամբ վիրավորանքը դատապարտելի է: Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված կարգով իրավունք ունի մտնել քաղաքականություն, սակայն առողջ քննադատությունը չպետք է վերածվի վիրավորանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել