Մեր ծերուկ վաենկոմը, որ քառասուներեքին Լեհաստանում կանտուզիա էր ստացել, մի սիրելի խոսք ուներ, թե ավելի շուտ Գառնու ջուրը Մարս կհասցնեն, քան Mac OS-ի հայերեն բեջուռա տառատեսակը կդզվի։ Բիձու վրա խնդում էինք, քանի որ՝ ա) էն վախտ Մաքինթոշ անվանումը, գոնե իմ համար, ասոցացվում էր միմյայն պահածոների արքա Ջորջ Ռոբռոնսոնի աներձագի հետ (ով տեղը բերեց թե ում ի նկատի ունեմ, իրեն խորը ռեսփեքթ «Այդ ուր Մակինտոշ, այնտեղ խորն է… Կոմիսար, արի գնենք ռանչո, Ավստրալիայում…»), բ) Գառնու ջուրն էլ ժամով էին տալիս։

Բայց արի ու տես, որ բիձեն ճիշտ դուրս եկավ։ Մաքինթոշի վրա է՛լ Լեռնառյուծ, է՛լ Յոսեմիթ, է՛լ Կապիտան էկավ-գնաց ու էլ ինչ գեներալ-գնդապետ էլ կգա ու կգնա, բայց դրա «Մշտական» կոչվող տառատեսակը մշտապես էլ նույն զիբիլն ա (համենայն դեպս՝ իմ համար), իսկ Գառնու ջուրը Մարս հասավ։ Վաղամեռիկ Ջոբսը իրեն պահած-մեծացրած ծնողների հայրենիքին պարտք գնաց։ Չնայած արդարության համար պետք է նշել, որ էս համակարգում յունիքոդ հայերենն ավելի վաղուց էր ներառված, քան իր մրցակիցներում։

Ասելս ինչ ա. Յոսեմիթի վախտերքով որ էդ «Մշտական» բեջուռա տառատեսակը սուձյա-զիդան էի արել ու տեղը նույն անվան տակ քողարկած «Արիան ԱՄՈՒ»-ն բրդել, երեկ «Էլ Կապիտանը» որ եկավ ու իր հասկացած պատմական արդարությունը վերականգնեց, տառատեսակներս էլի հին բեջուռա պատկերքն ընդունեցին։ Կապիտանը ծպտյալ Արիաններս հանեց տեղը դրեց մի թաք Mshtakan.TTC տառատեսակ՝ իր բոլդ ու իթալիքով հանդերձ (բոլորը խմբավորված էդ մի TTC ֆայլում)։ Հետևաբար անհրաժեշտ եղավ առաջվա Մշտականի չորս ֆայլերը (իր բոլդուիթալիքով) հավաքել մի TTC֊ի մեջ ու նորից համակարգին խաբել։

Կամրադ Հայկ Ֆելեքյանն էլ ինձնից առաջ ընկավ ու էդ կարևոր գործն արեց։ Հղումով էլ կիսվեց համայն հայության հետ։ Հրես։

Հիմի էս բլոգի հարգելի թաքուբիր այցելու, թե դու էլ իմ պես պատկերներին երբեմն բովանդակությունից շատ ես տեղ տալիս, թե քո համար էլ «300 սպարտացիներ» ֆիլմը ավելի շուտ գեղարվեստի գործ ա, քան սյուժե, թե զզվում ես, երբ Excel-ի աղյուսակ են ուղարկում, մեջը դիզայնը ՀԷՑ-մեջ արած, թե Word-ի փաստաթղթում մեկից ավել բացարկ ու enter իրար հետևից խփողին առանց աչքդ թարթելու կարող ես սրախողխող անել, ուրեմն դու էլ չես հավանի էս Կապիտանի հետ բերած «Մշտական» տառատեսակը, որն ավելի շուտ մագաղաթի վրա որդան կարմիրով լավ կնայվի, քան ռետինա էկրանին և հետևաբար կուզես շտկել իրավիճակը։ Էդ դեպքում կամրադ Հայկ Ֆելեքյանի վերոնշյալ հղումից ներբեռնի նույնանուն տառատեսակը, մտի Mac-իդ Library/Font, միջի եղած Mshtakan.TTC տառատեսակը ռադ արա, տեղը դիր էս նորը։ Ու վայելի։ Հայկ Ֆելեքյանին ու ինձ էլ կարող ես գարեջուր հյուրասիրել։ Հայկ Ֆելեքյանին՝ որ չի ալարել էդ բարի գործն արել ա, ինձ էլ, որ չեմ ալարել, էսքան ստեղն եմ իրար հետևից համակարգված կարգով սեղմել։ Ու վաբշե… պիվեն լավ բան ա…

Հա, ի դեպ, թե մաքինթոշում հայերեն հնչյունային (կամրադներից մեկն էս վերջերն ասեց սրա ճիշտը հնչյունաբանականն ա) ստեղնաշար պետք լինի՝ իր բոլոր ուղղագրական նշաններով, հրես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել