Այսօր Աղասի Այվազյանի ծննդյան օրն է, շնորհավոր բոլորիս:

Յոթ տարեկան էի, և ինչպես յուրաքանչյուր յոթ տարեկան` քրքրում էի ամեն ինչի տակն ու վրան` իմանալու համար նրանց գոյության առեղծվածը: Դեռ խաղալիքների փորոտիքն էի քանդում ու տնտղում, հետո սևեռվեցի դեպի ավելի մեծ իրերն ու երևույթները: Մտա կինոթատրոնի պաստառի ետև` տեսնելու երևութականի և աներևույթի, պաստառի և աստառի փոխկապակցության մեխանիզմը: Թիկունքիս պառկելով` տեղավորվեցի երկաթգծի ռելսերի արանքում, որպեսզի ներկա լինեմ շոգեքարշի շարժման գաղտնագործությանը: Գնացքը եկավ, անցավ վրայովս` կրակուբոց թափելով դեմքիս ու ճերմակ վերնաշապիկիս:
Տարիներ անց ես մտա մարդկանց մեջ, սկսեցի քրքրել նրանց տակն ու վրան: Նրանք անցան վրայովս` թուք ու մուր թափելով ճերմակ վերնաշապիկիս և գլխիս վրա, և ես մինչև օրս գլխիկոր նայում եմ նրանց հեռացող փնչացող կերպարանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել