Մեր պատմության էս պահին հայ ազատականը լուրջ դեր ունի: Նա հայ իռացիոնալ իրականության մեջ մտցնում է ռացիոնալի պինդ տարրը և ասում է՝ մեզ պետք է ազատություն ու իրավունք: Ազատականը տանել չի կարող «հայրենասեր», «նժդեհական», «ազգային», «թուրքատյաց», «մինչև վերջ» և նմանատիպ հասկացություն-եզրույթները: Ազատականը հայ-ռուսական թնջուկի արմատների գիտակն է և լուծման բանալին ունեցողը: Նա գիտի ղարաբաղյան հարցի թաքուն խութերը և մեկ-մեկ խոսք է բացում: Պատերազմ ցանկացողին ու խրոխտացողին նա արհամարհում է, նա գիտի, որ մենք ի վերջո հաղթելու ենք խաղաղությամբ և լավ պետություն ունենալով:

Սա գովքս էր ազատականին: Հայ ազատականի այիբ չունի՞: Ասեմ՝ առանց վիրավորելու նշույլի անգամ: Հայ ազատականը սահմանափակ է: Լավ կրթված չէ՝ հազվադեպ բացառություններով: Նա կարծում է, թե անգլոսաքսը, գերմանացին, նորվեգացին… ուժեղ են, որովհետև ազատական են: Հը՜մմ… Հայ ազատական, նրանք դրսից ազատական են, իսկ ներսից ու խորքից ազգայնական են. նրանց սնում են «Բեովուլֆը», «Նիբելունգների երգը», սագաները… Նրանց պետական հանճարը հենվում է սեփական մշակույթի վեմերի վրա: Ազատականությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը միայն ձևեր են, միջոցներ, կոսնտրուկցիաներ… Դա նշանակում է, որ նրանք ունեն Ազգային Գաղափարախոսություն:

Հայ ազատական, եթե տեսակդ վերցնի Հայաստանի իշխանությունը – ինչպես մեկ անգամ անհաջող վերցրել եք, ապա պետք է իմանաք՝ կրթության, մշակույթի, ապրելակերպի, առողջության ասպարեզներում դուք ավելին չեք, քան Աշոտյանը, Հասմիկ Պողոսյանը, մյուսները: Մի՜ խրտնիր, կոնկրետ ազատական – պետության բովանդակությունը ստեղծելիս պետք է առնչվես մի քանի արքետիպ-հասկացությունների հետ – Տիեզերք, Արարիչ, Հոգի, Տիեզերական Օրենսգիրք, Ազգ և այլն: Հասկանում եմ՝ կոմպդ արդեն կախվեց էս բառերից: Նեղություն չեմ տա:

Հայ ազատականներից մեկին հեռացնում եմ ընկերներիս շարքից՝ իրեն համար ոչ ձեռնահաս տիրույթ մտնելու և այնտեղ պատշաճ վարք չդրսևորելու համար: 
Բոլորիդ ցանկանում եմ առողջ ու ազատական Հայրենիք:

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
12 օգոստոսի 2015

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել