2014-ի ավարտին միջազգային մամուլում տարածում էր ստացել ֆրանսիացի ֆերմերների բողոքի ակցիան, որի ժամանակ շուրջ 200 գլուխ մանր եղջերավոր անասուններ էին բերվել Էյֆելյան աշտարակի մոտ: Նրանք բողոքում էին պետության` գայլերի դեմ պայքարի ձևից և նշում, որ շուրջ 6 ամսվա մեջ գիշատիչները վնասել են շուրջ 6500 գկուխ անասունի:

Օրերս ֆրանսիայի ֆերմերները կրկին դուրս են եկել փողոց, ավելի ճիշտ փակել են փողոցներ, գոմաղբ են լցնում սուպերմարկետների դիմաց և անվադողեր հրկիզում: Բողոքին մասնակցում են շուրջ 500000 մարդ, ովքեր ներկայացնում են 20000 մանր ու միջին տնտեսություններ:

Ֆերմերները պնդում են, որ ստիպված են արտադրանքը վաճառել ինքնարժեքից էժան, որի հետևանքով էլ` աշխատելով օրական 10 ժամ, եկամուտ չեն ստանում, ինչպես նաև բողոքում են, որ իրենց մոտ գործում են ոլորտին համապատասխան հարկատեսակներ, որոնք սակայն ուրիշ երկրներում բացակայում են: 
Վերջիններս առկա իրավիճակի համար մեղադրում են կառավարության որդեգրած քաղաքականությունը և պնդում, որ իշխանությունները չեն կարգավորում պրոդուկտի վաճառքի և վերավաճառքի արժեքները: Մասնավորապես, 1 կգ խոզի միսը ֆերմերը վաճառում է 1,36 եվրոով, իսկ սուպերմարկետներն այն վաճառում են 5 և ավել եվրոով, կաթը արտադրողից գնում են 30 ցենտով և վաճառում 1 եվրոով:

Դեռ հունիս ամսին կառավարությունը հայտարարել էր, որ կկարգավորի գնային քաղաքականությունը և կբարձրացնի գնման արժեքը, սակայն ինչպես երևում է սայլը տեղից չի շարժվել:

Հ.Գ.Բոլոր տեղերում ու ցանկացած ոլորտում առկա են խնդիրներ, որոնք պահանջում են շուտափույթ լուծումներ, իսկ արտերկրում միանշանակ անհոգ ու անխնդիր կյանքի մասին լուրերն ուղղակի միֆեր են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել