Մարդու իրավունքների եւրոպական դատարանը հիմնավորված ճանաչեց ընդդեմ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացված համապատասխանաբար Լաչինից ու Գյուլիստանից վտարված անձանց հայցադիմումները և այդ պետություններին մեկ տարի ժամանակ տրամադրեց հայցատուների հատ փոխհատուցման շուրջ համաձայնության գալու համար: Անկախ այն բանից, թե ինչ են հայտարարում հայաստանյան պատասխանատուները, Եվրոպական դատարանի ընդունած վճռից բխում է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքի մի մասի բռնազավթման անմիջական մասնակիցն է և գործնականում վերահսկում է ներկայիս ԼՂՀ ողջ տարածքը և, ուստի հենց ինքն է պարտավոր բավարարել ադրբեջանական հայցատուների արդարացի ճանաչված պահանջները: ՀՀ գլխավոր դատախազը գոհունակությամբ այն տեսակետն է արտահայտել, որ Եվրոպական այդ դատական ատյանը ձգտել է առավելագույնս նույնական վերաբերմունք ցուցաբերել հայցեր ներկայացրած հայ և ադրբեջանական հայցատուների գործերին և գործերի քննությունը տարել է զուգահեռաբար, իսկ վճիռներն էլ հրապարակել միժամանակ: Իրականում նման գործելակերպը բացառապես քաղաքական է և ոչ մի կապ չունի արդարադատության իրականացման հիմնական գերագույն նպատակի՝ արդարության հաստատման գերագույն պահանջի ապահովման հետ: Սովորական աչքակապություն է, որը ձևական անկողմնակալության միջոցով բացառիկ քաղաքական միտում ունեցող գործընթացին բացարձակ արդարության ապահովման տեսք տալու նպատակ է հետապնդում: Գուցե ավելի ուշ այս հարցին մանրամասն կանդրադառնամ, իսկ հիմա հանգիստ խղճով պնդում եմ, որ անգամ հազարավոր դիմումներից հենց այս “Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի” և“Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի”գործերի ընտրությունն իսկ քաղաքական ենթատեքստ է պարունակում և կոչված է ծառայել միջնորդների կողմից հրամցված Մադրիդյան սկզբունքներ կոչված արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման մոտեցումների գործնական կիրառման և հայկական կողմերից ակնկալվող ապագա անհամարժեք տարածքային զիջուները հիմնավորելու նպատակին: Այն փաստը, որ ադրբեջանական հայցատուներն ազգությամբ քրդեր են, կոչված է ցույց տալու, որ հայերը հավասարապես վատ են վերաբերվել ու հալածել են հակամարտության գոտում ապրող բոլոր այլազգիների ու այլադավանների հանդեպ, ինչն անհնար է դարձրել այդ մարդկանց համար իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալը: Միաժամանակ գյուլիստանցի փախստական Սարգսյանը զրկված է եղել իր հայրենի օջախը վերադառնալու հնարավորությունից միայն այն պատճառով, որ Գյուլիստան գյուղը գտնվում է հենց հայկական ու ադրբեջանական ԶՈՒ շփման գծում՝ ականապատված է և այնտեղ անհնար է անվտանգ կյանք վարել: Նորություն չէ, որ հայկական կողմը պետական մակարդակում ամբողջությամբ տապալել է հայ փախստականների իրավունքների և շահերի պաշտպանության գործը և կանխատեսելի է, որ այս պահվածքն անխուսափելիորեն հանգեցնելու է ապագա տարածքային հնարավոր կորուստների, եթե դրությունը շտկելուն ուղղված քայլեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել