Այսօր Թանգարանների միջազգային օրն է։

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ռուսական պատվիրակության առաջարկությամբ: 1978թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը:
Թանգարաններն այդ օրն աշխատում են 11:00-18:00: Տոնի շրջանակում նախօրեին անց է կացվում նաև «Թանգարանների գիշեր»: Այդ օրը Երևանի և Հայաստանի թանգարաններն այցելուների համար բաց են լինում երեկոյան 18:00-ից մինչև կեսգիշեր: Թանգարանները հանդես են գալիս նաև մի շարք միջոցառումներով: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005թ.:

«Թանգարանների գիշեր»-ն առաջին անգամ անցկացվել է 1997թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանություններն ամբողջ գիշերը բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները, որը ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ գերմանական ևս 20 քաղաք:

1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին և անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը:

2001թ. նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Այս նախաձեռնությանն է միացել նաև Թանգարանների միջազգային խորհուրդը:

Հ.Գ. Այս տարի «Թանգարանների գիշեր»-ն անց է կացվել մայիսի 17-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել