Շատ ծնողներ ու մեծահասակներ կարծում են, թե երեխաներին ու պատանիներին այս կամ այն բանն արգելելով՝ նրանց կարող են ետ պահել սխալներից: Մինչդեռ ստացվում է ճիշտ հակառակը: Որևէ բան արգելելով կամ խորհուրդներ տալով՝ շատ հաճախ մարդուն գաղափար ես տալիս ոչ թե այն մասին, թե ինչ պետք չէ անել, այլ այն մասին, թե «ինչ կարելի է անել»:

Շատ երեխաներ անգամ հրաժարվում են ուտելուց, երբ իրենց ստիպում են, բայց հափշտակում են ուտելիքն այն ժամանակ, երբ իրենց ասում են՝ չուտես: Իսկապես տարօրինակ է: Արգելված պտուղը միշտ քաղցր է: Նույն կերպ երիտասարդները սկսում են ծխել այն տարիքում, երբ մայրերը սկսում են ամեն օր իրենց երեխայի վերնաշապիկից հոտ քաշել ու ստուգել... Էլ չենք խոսում այն տղաների մասին, ովքեր ամեն գնով փորձում են գրավել այն աղջկա սիրտը, ով այդքան «բարձր» է իրեն պահում և «անհասանելի» է: Իսկ ի՞նչ է լինում գրավելուց հետո... Այդքան քաղցր ու անհասանելի պտուղը դառնում է հասարակ ու սովորական:

Յուրաքանչյուրս մեր մեջ պետք է փնտրենք արգելված պտղի քաղցրության գաղտնիքը: Ինչո՞ւ ենք ձգտում անել այն, ինչ չի կարելի: Իսկ ո՞վ է դնում այդ «չի կարելի»-ի սահմանը: Ո՞րն է արգելված պտուղը, և ինչո՞ւ է այն այդքան քաղցր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել