Newsline.am-ը գրում է․

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ, Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ցեղասպանության վերաբերյալ ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստի ընթացքում, ապա Վեհաժողովի պատվիրակներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Վեհաժողովի պատվիրակները, բացառությամբ Թուրքիայի ներկայացուցիչների, ոտքի են կանգնել: 

Լևոն Զուրաբյանի ելույթը ներկայացնում ենք ստորև: 

«Իսլամական պետություն» անունով հայտնի ահաբեկչական կազմակերպության գործողությունների հումանիտար հետեւանքների մասին բանավեճի ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի ելույթը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում:

«Ամեն օր մենք սարսափելի նորություններ ենք կարդում այսպես կոչված «իսլամական պետության» գործած բարբարոսությունների մասին: Քննարկվող զեկույցը վերաբերում է աղետի հումանիտար կողմին, և մենք շնորհակալ ենք կատարված աշխատանքի համար: Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է կնետրոնանալ այդ աղետի սկզբնապատճատռների վրա եւ անվերապահորեն դատապարտել Սիրիայի եւ Իրաքի էթնիկ եւ կրոնական խմբերի դեմ «իսլամական պետության» գործած ցեղասպան գործողությունները: Հայաստանում ապրում է եզդիների հրաշալի համայնք, որը նշանակալի ներդրում ունի մեր երկրի մշակութային եւ քաղաքական կյանքում: Վերջին շրջանում Սիրիայում եւ Իրաքում նրանց եղբայրներին ու քույրերին սպանում են, բռնաբարում, խոշտանգում եւ տանջամահ անում. անկախ նրանց տարիքից ու սեռից նրանք զոհ են գնում եզդի համայնքի դեմ սանձազերծված հրեշավոր արշավին, որը հիշեցնում է 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության գազանությունների տեսարանները:

«Իսլամական պետության» ցեղասպան գործողությունների նպատակը պարզ է. նրանք փորձում են երկրի երեսից վերացնել այնպիսի կրոնական փոքրամասնությունների, ինչպիսիք են եզդիները, յարսանիները, մանդեականները, որոնք, այդ բարբարոսների կարծիքով, «սխալ» կրոն են դավանում: Շիա մահմեդականները սպանվում են՝ որպես «իսլամից հեռացածներ»: Ասորի, քաղդեացի, սիրիացի կամ հայ քրիստոնյաների խմբերին նույնպես ջախջախում են՝ նրանց երեք տարբերակ թողնելով՝ իսլամ ընդունել, «ջիզյա» (անհավատության հարկ) վճարել կամ մեռնել: Նույնիսկ այն սուննիները, ովքեր համաձայն չեն իսլամի հավատքի՝ «իսլամական պետության» մեկնաբանության հետ, ոչնչացվել են առանց խղճի խայթի: Այս ամենն, անկասկած, տեղավորվում է ցեղասպանության միջազգային իրավական սահմանման մեջ, քանի որ, ինչպես 1948-ի «Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածն է նշում, դրանք «գործողություններ են, որոնք միտված են ամբողջապես, կամ մասամբ ոչնչացնելու ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբը»:

«Իսլամական պետությունը» պետք է դատապարտվի եզդիների, շիա մահմեդականների, քրիստոնյաների եւ այլոց դեմ ցեղասպան գործողություններ իրականացնելու համար: Ապագայում ցեղասպանությունները կանխարգելելու համար անհրաժեշտ է ճանաչել ցեղասպանությունները եւ դատապարտել դրանք ու դրանց ժխտումը՝ անկախ նրանից, թե երբ են այդ ցեղասպանությունները տեղի ունեցել, որքան մեծ է եղել զոհերի թիվը, կամ թե ինչ քաղաքական դրդապատճառներ են դրանք ունեցել: Բացի դա, մեր բարոյական պարտքն է՝ հարգել մարդկության դեմ այդ հանցագործությունների բոլոր զոհերի հիշատակը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, որը, ինչպես Հռոմի Ֆրանցիսկոս պապն արդարացիորեն ասաց, նորագույն պատմության առաջին ցեղասպանությունն էր, ինչպես նաեւ՝ հրեական Հոլոքոստի, Ռուանդայի, Բոսնիայի եւ այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել