Ռուսական ռազմաբազայում զանգվածային ստուգումներ են իրականացվում ռուսական հակահետախուզության և «ФСБ»-ի կողմից, ու սա արվում է անձամբ Շոյգուի հրամանով։ Բնականաբար, սա հետևանք է Պերմյակովի հանցագործության, ու Ռուսաստանն ամենավճռական ձևով ձեռնամուխ է եղել ռազմաբազայում կարգուկանոն հաստատելու հարցին, որպեսզի հնարավորինս բացառի հետագայում ցանկացած տիպի էկսցեսսների հնարավորությունը բազային զինծառայողների կողմից։

Սա ավելի հեռահար նպատակներ ունի, քան զուտ Պերմյակովի ոճրի հետևանքները մեղմելը։ Բանն այն է, որ Ռուսաստանը մոտ ապագայում պատրաստվում է ավելի ընդլայնել իր ռազմական ներկայությունը և ավելացնել իր զորակազմը։ Միևնույն ժամանակ ռուսական բազայի անձնակազմն արդեն մի քանի ամսից ամբողջովին բաղկացած է լինելու պայմանագրային զինծառայողներից ու ակտիվորեն վերազինվելու է ռուսական ամենաժամանակակից ու արդիական սպառազինությամբ։

Սա, իհարկե, չի արվում զուտ Հայաստանի ու հայաստանյան շահերի համար, չի էլ արվում Հայաստանն ու հայկական հասարակության դժգոհ հատվածին ահաբեկելու համար։ Պարզապես աշխարհաքաղաքական այսպիսի զարգացումների պարագայում Ռուսաստանն ամրանում է իր դիրքերում ու ավելի ուշիմ ուշադրություն է դարձնում իր համար որոշիչ ու ռիսկային նշանակություն ունեցող տարածաշրջաններում իր ուժային ներկայությանը, իսկ Հայաստանն ու Անդրկովկասը հենց այդպիսի տարածաշրջաններից են, ու քանի որ Հայաստանը միակ անդրկովկասյան երկիրն է մնացել, որտեղ Ռուսաստանը պահպանում է իր ռազմական ներկայությունը, հետևաբար հենց Հայաստանն է դեպի ռուսական Կովկաս տանող այն կարևորագույն ուղին, որը կարող են արդեն տեսանելի ապագայում դիտարկել Մերձավոր Արևելքում օր օրի ուժ հավաքող իսլամիստ ծայրահեղականները։

Ու հենց այս ֆոնին է Ռուսաստանն ամրապնդում իր դիրքերը՝ այդ թվում կարգի բերելով իր ռազմաբազայի կարգուկանոնն ու վերահսկելիությունը, որովհետև վերջին բանը, որ Ռուսաստանին պետք է ստեղծված կացությունում, տարատեսակ Պերմյակովներն ու Ռուսաստանի ռազմական ներկայության հանդեպ դժգոհություն ավելացնող էլեմենտներն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել