Հարգելի, պրն. Մարգարյան, ոչ մի քաղաքական հետաքրքրություն չունի այս գրառումս: Հասկանում եմ` մեր օրերում դժվար է պատկերացնել, որ ԱԺ պատգամավորի ելույթը հենց այնպես մինչև վերջ կլսեն ու առանց որևէ այլ հետաքրքրության կարձագանքեն, բայց հավատացնում եմ, որ անկեղծ ու սկզբունքային հղում եմ կատարում:

Հարգելի պրն. Մարգարյան, մեջբերում եմ Ձեր ելույթից.

«Երիտասարդների մեծ մասը զբաղմունք ու աշխատանք չունենալու պատճառով այցելում են կազինոներ և վիվարո ակումբներ, այսինքն՝ ղումար են խաղում և ֆինանսական խնդիրների պատճառով չունենալով հույս ու հավատ ապագայի նկատմամբ՝ ինքնասպանություն են գործում»:

Եթե Ձեզ կհետաքրքրի, կարող եմ փոխանցել մասնագիտական հետազոտության արդյունքներ, որում չափելի ցուցանիշներով հիմնավորված է Ձեր գրածի բացարձակ սխալ լինելը: ՀՀ-ում կոնկրետ երիտասարդական սեգմենտի մասով ճիշտ հակառակ վիճակագրություն է: Ֆիրմաներում կադրային դեֆիցիտ է: Կան շատ թափուր հաստիքներ, սակայն չկան համապատասխան կադրեր: Բազմաթիվ են օրինակները, երբ միջին գիտելիքների տեր, աշխատասեր մարդիկ բուհն ավարտելուց հետո 3-4 տարվա ընթացքում հասնում են 300.000 դրամից ավել աշխատավարձի շեմին: Այսօր երիտասարդների համար կա ինքնակրթության մեծ հնարավորություն, իսկ աշխատանքի շուկայում` լայն դաշտ:

Դուք իրավացի եք` կա հուսալքություն: Մարդիկ չեն հավատում, թե ինչ շանսեր ունեն: Գիտեք՝ ինչո՞ւ, քանզի ամբողջ օրը լսում են արհեստական, ուռճացված, բացասական ինֆորմացիաներ:

Դուք Ձեր ելույթով նպաստում եք այդ արհեստական պրոպագանդային: ՕԵԿ-ի քաղաքական դերի մասին չեմ ուզում խոսել, գրառումս այլ մակարդակում է: Որպես բարձրացված թեմային խորապես տիրապետող երիտասարդ` խնդրում եմ զգույշ լինել հայտարարությունների մեջ, քանզի ընթացիկ քաղաքական դիվիդենտների դիմաց վնասում եք բազմաթիվ երիտասարդների դեռևս չկայացած հոգեբանությունը:

Հարգանքով` ընդհանրապես չհուսալքված ՀՀ երիտասարդ քաղաքացի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել