Պարզվում է, որ Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը 1915-2015. մեծ մեղքի հարյուրամյա տարելիցը» խորագրով մի համաժողով, որին մասնակցել են Պադովայի համալսարանի ռեկտորը, Իտալիայում ՀՀ դեսպանը, մի շարք հայտնի օտարերկրացի մտավորականներ, գիտնականներ (ի դեպ, նաև թուրքեր)։

Եվ զավեշտալին այն է, որ թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը դեռ երեկ կեսօրին հանգամանալից կերպով անդրադարձել էր այդ համաժողովին, ներկայացրել բանախոսների ելույթները, մինչդեռ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից՝ ոչ մի ծպտուն։

Թուրքերն իրենց իսկ ընկալմամբ ակնհայտ հայամետ (մինչդեռ մարդիկ պարզապես անկողմնակալ են գտնվել և ասել այն, ինչ եղել է իրականում) համաժողովը ներկայացնում են, իսկ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունից որևէ կերպ չեն անդրադառնում այդ միջոցառմանը։ Ասել, որ «Դողանն» ավելի շուտ կարող էր իմանալ այդ մասին, անհիմն է, քանի որ, հիշեցնում եմ, միջոցառմանը մասնակցել է ոչ թե Թուրքիայի, այլ մեր դեսպանը, որին Իտալիա գործուղել է ՀՀ ԱԳՆ-ն։

Փաստորեն, թուրքական լրատվական գործակալությունը գրում է, որ համաժողովի ժամանակ, օրինակ՝ խոսել են Հայոց ցեղասպանության, 1,5 միլիոն զոհերի մասին, կամ այն, որ միջոցառմանը ներկա Թուրքիայի Սաբանջը համալսարանի դասախոս, պատմաբան Հալիլ Բերքթայը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության տարիներին զոհվել է 600-800 հազար հայ (ճիշտ է, Բերքթայը 2 ագամ պակասեցրել է զոհերի թիվը), իսկ մեր հարգարժան ԱԳՆ-ն ալարում է գոնե մեկ նախադասությամբ անդրադառնալ այդ թեմային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել