Դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 20-ից Վրաստանում դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը սկսել Էր նվազել, իսկ արդեն 2015թ. առաջին կիսամյակում լարին նվազել է 20 տոկոսային կետով:

Հարկ է նշել, որ 2014թ-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 20-ը Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը տատանվել է ընդամենը 1,72-1,78 սահմաններում: Ըստ տնտեսագետների՝ այս ժամանակահատվածում լարին եղել է գերարժևորված:

Որպես լարիի արժեզրկման մեկնարկ կարելի է համարել 2014թ. նոյեմբերը, երբ ամբողջ հետխորհրդային տարածաշրջանում նկատվեց դոլարի նկատմամբ ազգային արժույթների արժեզրկում:

Այսպես՝ 2015թ-ի հունվարի 1-ին Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը սահմանվել է 1.88 լարի մեկ դոլարի դիմաց՝ արձանագրելով 5,6% տարեկան անկում: Լարի արժեզրկումն իր գագաթնակետին հասավ փետրվարի 23-ին՝ կազմելով 2,1-2,3 լարի՝ մեկ դոլարի դիմաց: Արդյունքում, Վրաստանի ազգային արժույթի ընդհանուր արժեզրկումը կազմել է 22.3% (2015թ. I կիսամյակ):

Մեկնաբանելով լարիի արժեզրկման շուրջ ստեղծված իրավիճակը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին վստահեցրել է քաղաքացիներին, որ իրավիճակը վերահսկելի է, և խուճապի ոչ մի պատճառ չկա: Նա նաև հավելել է, որ մանրամասն մշակվել է ծրագիր՝ լարիի փոխարժեքի շուրջ ստեղծված իրավիճակն արագ կայունացնելու և նոր ներդրում ներգրավվելու նպատակով:

Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն իր հերթին խոստովանել է, որ երկրում իրավիճակը կարելի է անվանել արտարժույթի ճգնաժամ: Նա նաև ավելացրել է, որ Վրաստանը սկսել է բանակցություններ վարել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ ազգային արժույթի արժեզրկման շրջանակներում կոնկրետ միջոցառումներ մշակելու համար: Ըստ Կալաձեի՝ 2015 թ-ի տնտեսական աճը կլինի մոտ 2-2.5%` ծրագրված 5% փոխարեն:

«Գոտիների ձգման» քաղաքականության շրջանակներում Վրաստանի կառավարությունը, լարիի փոխարժեքի անկման պատճառով, որոշել է անցնել վարչական ծախսերի 12% կրճատման: 
Տեղեկացման կարգով նշենք, որ վերջին շրջանում Վրաստանում ավելի քան 10 տոկոսով թանկացել են սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների գները՝ անմասն չթողնելով նաև շուրջ 500 տեսակ դեղերի գների՝ 15-20 տոկոսով աճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել