Հայաստանում մարդիկ քաղաքական դաշտում քիչ թե շատ կշիռ ունեցող կուսակցություններին անդամագրվում են հիմնականում 2 պատճառով՝

1.Հանուն ազգային ու պետական շահի, գաղափարների ու սկզբունքների, երկրում առկա խնդիրները կարգավորելու, պետության համար որևէ բան դեպի լավը փոխելու նպատակով

2.Հանուն անձնական շահի, կարիերայի և սեփական ամբիցիաների, լծակներ, իշխանություն ունենալու նպատակով, իրենց և իրենց շրջապատի համար որևէ բան դեպի լավը փոխելու նպատակով

Հայաստանյան ներկա քաղաքական իրադրության պայմաններում, հետևելով կուսակցություների գործունեությանը, նրանց առաջնորդների ու ներկայացուցիչների մեծ մասի վարքագծին, ի սկզբանե որդեգրած գաղափարները, գաղափարախոսություններն ու սկզբունքները դավաճանելու սովորությանը, դժվար է պատկերացնել այնպիսի մարդկանց, ովքեր իսկապես ներկայացնում են առաջին խումբը։ Բայց արի ու տես, որ կան, անգամ ընկերներիցս ոմանք հոգով-սրտով հանրապետական են, ԲՀԿ-ական կամ այլ ուժի ներկայացուցիչ, այս մարդիկ հավատում են, որ հենց այդ կուսակցություններին է վերապահված Հայաստանը խորը ճգնաժամից դուրս բերելու առաքելությունը, հենց այդ ուժերին է վիճակված երկիրը ոտքի կանգնեցնելը։ Եվ ես նրանց առանձնապես ասելիք չունեմ։

Երկրորդ խմբի ներկայացուցիչները, ցավոք, մեր օրերում զգալիորեն գերակշռում են։ Եվ նրանց, որքան էլ զարմանալի կթվա, նույնպես ասելու ոչինչ չունեմ։ Այդ դեպքում կհարցնեք, թե որն է այս գրառման նպատակը։

Միգուցե պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն հայրենակիցներին, որոնք երբևէ չեն գնացել այնպիսի քայլերի, որոնց պատճառով այսօր ստիպված չեն փչացնել իմ ֆեյսբուքյան news feed-ը՝ հարկադրված կերպով արդարացնելով ու պաշտպանելով այս կամ այն քաղաքական գործչի, քաղաքական ուժի կայացրած հակապետական ու ապազգային որոշումները, խեղկատակությունները, խայտառակ հայտարարություններն ու քայլերը, չափ ու սահման չճանաչող վարքագիծը, սխալ դիրքորոշումը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել