Հունվարի 31-ին արցախցի իրավապահների կողմից Նախախորհրդարանի կազմակերպած ավտոերթի մասնակիցների հանդեպ անհամարժեք բռնության կիրառումն անթույլատրելի էր ու վրդովվեցուցիչ: Անկախ այն բանից, որ Նախախորհրդարանի որոշ քաղաքական մոտեցումներ ազգային շահերի մեկնաբանության ու ընկալման համատեքստում խիստ վիճելի են, իսկ որոշ գաղափարների մասով շատերի համար անգամ մերժելի, ստիպված եմ արձանագրել, որ Արցախ-Հայաստան միասնական իշխանական համակարգն ունակ չեղավ քաղաքական մարտահրավերը (եթե իհարկե, կարելի է ավտոերթին նման որակում տալ) զուտ քաղաքական միջոցներով էլ հաղթահարել: Հատուկ եմ ընդգծում, որ անդրկուլիսային հանդիպումներն ու այս կամ այն քաղաքական նախաձեռնությունից ետ կանգնելու վերաբերյալ հորդորները չի կարելի հարցին քաղաքական լուծում տալու միջոց համարել: Այսպիսով հստակ է, որ քաղաքական ակցիան բռնությամբ կասեցնելու ձևին է նախապատվություն տրվել: Այս նույն մոտեցումը ցուցաբերվեց ժամանակին ադրբեջանական իշխանությունների կողմից՝ նրանք Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ արցախահայության կողմից հնչեցված քաղաքական պահանջը քաղաքական հարթությունում դիտարկելու փոխարեն հայկական կոտորածներ նախաձեռնեցին նախ Սումգայիթում, ապա Կիրովաբադում, Բաքվում, Հյուսիսային Արցախում և այլուր, այսինքն քաղաքական հարցին փորձեցին բիրտ ուժի միջոցով լուծում տալ: Ցավոք, ոստիկանական ուժերի կողմից ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելն ընդամենը առաջին արարն էր, որին հաջորդեց տարբեր պաշտոնատար անձանց կողմից կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններ տալու փուլը, որը պակաս սահմռկեցուցիչ տպավորություն չթողեց, քան բուն ծեծի դրվագը: Հատկապես ուշագրավ էին Դաշնակցությունը ներկայացնող ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի և Արմեն Ռուստամյանի պարզաբանումները՝ գուցեև նման միտում չունենալով, նրանք իրենց խոսքով ատելության աննախադեպ ալիք բարձրացրեցին Հայաստանի ու Արցախի իշխանությունների, Դաշնակցության հանդեպ և մեծապես նպաստեցին հայաստանցի-ղարաբաղցի հարաբերությունների առանց այդ էլ բարդ համակարգին փոխադարձ անվստահության ու ատելության նոր, թարմ չափաբաժին ներարկելուն: Նրանցից առաջինը, փաստորեն, ափսոսում էր հատկապես այն բանի համար, որ ծեծի փաստն արձանագրած տեսաերիզն է հայտնվել համացանցում, երկրորդն էլ պնդում էր, որ Արցախը, անկախ պետություն լինելով, չէր կարող հանդուրժել, որ օտար պետության (իմա՝ Հայաստանի Հանրապետության) քաղաքացիներն այս կարգի ավտոերթեր կազմակերպեն իր տարածքում: Այդ ասածներից հետևում է, որ մարդկանց ծեծել պետք էր, բայց իշխանությունները թերացել են, քանի որ չեն կարողացել կանխել ծեծի տեսաերիզի տարածումը համացանցում: Հետևում է նաև, որ Արցախի համար ողջունելի է, երբ օտար պետության (իմա՝ Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները զինվորական ծառայություն են անցնում ԼՂՀ-ում, երբ այդ քաղաքացիները հոժար են, որ իրենց գրպանից հանված փողով լրացվի ԼՂՀ-ի պետբյուջեյի կեսից ավելին, բայց մերժելի է, երբ այդ նույն օտար պետության (իմա՝ Հայաստանի Հանրապետության) քաղաքացիներն ուզում են արցախցի իրենց հայրենակիցներին հաղորդակից դարձնել իրենց հուզող խնդիրներին: Ըստ էության՝ ստեղծված խիստ տհաճ իրավիճակից դուրս գալու համար գործադրվող տեղեկատվական ու մերձքաղաքական ջանքերն ուղղակի էլ ավելի մեծ գարշահոտություն են հաղորդում մեր իրականությանը: Մինչդեռ կարելի էր պարպել իրավիճակը: Եթե անհրաժեշտ էր ընդգծել, որ Արցախն անկախ է, բավական էր, որ ՀՀ արտգործնախարարությունը հատուկ դիվանագիտական նոտայով դիմեր ԼՂՀ արտգործնախարարությանը՝ պահանջելով պաշտոնական պարզաբանումներ տալ ՀՀ քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ: Ոչ Ֆրանսիայի, ոչ Ռուսաստանի կամ Լիբանանի ԱԳՆ-ները նման բան անել չեն կարող, միայն ՀՀ ԱԳՆ է, որ ԼՂՀ ԱԳՆ-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել: Մի խոսքով, վաղամեռիկ Պոլյանիչկոյի ոգին է թևածում Հայոց աշխարհի քարոզչա-տեղեկատվական բարձր ոլորտներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել