Ժողովուրդ, ե՞րբ եք վերջապես բոլորդ ու բոլորս գիտակցելու, որ այս տարի շատ բարդ է լինելու՝ էդպես է ստացվել, ոչ ոք չի ուզել, չի ծրագրել, չի պահանջել, չի խնդրել: Տարին բարդ է առավելապես մեզ համար (հայերիս, ազգի, ժողովրդի համար, ոնց ուզում եք՝ հասկացեք): Ամեն քայլափոխին սադրանքներ են, ամեն քայլափոխին խաղում են ձեր զգացմունքների, զգացումների հետ, հարվածում սկզբունքներին, գաղափարներին, հարկադրում, ճնշում, գայթակղում, խաբում: Ձեզ դարձնում են այս կամ այն սկանդալային նորություն քննարկող, դրա շուրջ կռվող, առավոտից իրիկուն սոցցանցերում կարծիք հայտնող, իսկ իրականում ոչ մի շոշափելի բան չանող ոմն էակ: Դա անում են դրսի, ներսի, կողքի ուժերը՝ մութ, հայտնի, բացահայտված, անհայտ, որը պատահի, առանձին-առանձին կամ բոլորը միասին: Ավելի քան համոզված եմ, որ շատերդ չեք հասկանում, չեք կարողանում հասկանալ կամ տրամաբանորեն վերլուծել, գտնել կծիկի սկիզբը, զարգացումներ կանխատեսել, պատճառահետևանքային կապեր բացահայտել: Հանգստացեք վերջապես, շունչ քաշեք, չեք կարող ու պետք էլ չի: Տարին սկսվեց մեծ թվով մարտական կորուստներով, հետո Գյումրիի դեպքերը, հիմա Արցախում ծեծկռտուքը: Մի վայրկյան կանգ առեք ու տեսեք, թե ինչ եք անում: Տարվա սկզբին ասում էիք՝ ՊՆ ա մեղավոր, ոչ մի բան չի անում, մեր բալեքը կառավարության համար մեռնում են առաջնագծում, հետո անցավ մի շաբաթ ու Գյումրին... Ստատուսներ էիք գրում Գյումրիի մասին, պահանջներ դնում, նույնիսկ իրար դեմ դուրս գալիս, հիմա բոլորը մոռացան Գյումրին, անցան հիմա էլ Արցածի ծեծկռտուքին: Հավատացած եմ, որ սա այս տարվա վերջին սադրանքը չի լինելու, առջևում նորանոր, դեռ ավելի բարդ ու մանվածապատ սադրանքներ են, բա էն ժամանակ ի՞նչ եք անելու։ Խաղում են ձեր զգացմունքների վրա, մասնատում, պառակտում: Հա, ամոթ է, ես գլուխս եմ կախում ամոթից ոստիկանների էդ ստոր քայլի համար, բայց նախապատմությունն էլ նայեք ու կհասկանաք: Եթե ուզում եք մի բան փոխել դեպի լավը, պարտադիր չի դրա մասին գրվի, ասվի, խոսվի, վիճվի:
Եկեք մի պահ նայեք մեր պատմությանը: Մեր ամբողջ պատմության ընթացքում զենքը, զորքը, փողը, գայթակղությունները, փառքը, իշխանությունը, երկրաշարժը, արհավիրքները, սպանդը, ջարդերը, ցեղասպանությունը մեզ չեն հաղթել, հասկանում ե՞ք (դե դավաճանների դեպքերը հանած, ընդհանուր առմամբ): Մեզ կարողացել են հաղթել միայն մի դեպքում, երբ գաղափարապես մասնատել են, երբ պառակտել են, գցել են դուխից: Ամեն ինչ, բացառապես ամեն ինչ անզոր է մեր դեմ, եթե մենք իրար միս չենք ուտում: Մտածեք՝ չէ՞ որ դրա համար են մեր ոչ բարով հարևանները, ներկա դրությամբ՝ առավելապես Ադրբեջանը, հսկայական միջոցներ վատնում քարոզչության վրա, որովհետև բոլորն էլ վաղուց հասկացել են. մեր պատմության պարտությունների հիմնական պատճառը եղել է սադրանքներին տրվելն ու երկպառակությունները: Մենք արեցինք անհնարինը՝ մենք Արցախ ունեցանք մեր կամքի, դժվարություններին դիմակայելու ու միասնական լինելու շնորհիվ: Միգուցե պաթետիկ ու պրիմիտիվ է հնչում, բայց դա է ողջ ճշմարտությունը, որ, թվում է, թե պարզ է, բայց մենք դեռ լիարժեքորեն չենք գիտակցում:
Հասկացեք, որ ստատուս/քոմենթ/լայք/դիսլայք սուտ են, դրանք չէ, որ իրադարձություն են ստեղծում ու փոխում, պատրանքներին մի տրվեք: Մենք սովոր ենք փորձություններին ու դժվարություններին, 2015-ին էլ կհաղթահարենք: Միայն խնդրում եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ կապ չունի կուսակցությունը, հավատքը, գաղափարախոսությունը, զբաղմունքը, տարիքը, հիշեք՝ որտեղից եք գալիս և ուր եք գնում, հստակ գիտակցեք՝ ինչ եք ուզում և երբեք մի դադարեք մտածել թե՛ ձեր մերձավորի, թե՛ ընտանիքի, թե՛ ավելի մեծ ընտանիքի՝ ժողովրդի համար: Մի՛ արեք դա շահից դրդված, ցուցադրաբար կամ պարապությունից ելնելով, այլ այն թեկուզ և նախնիների համար, որոնց արյունը հիմա ձեր մեջ է հոսում, դուք նրանց մի մասնիկն եք ու շարունակությունը՝ ուզեք, թե չուզեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել