Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը, ցավն այնքան մեծ էր, որ հույզը երբեմն գերազանցում էր սթափ դատողությանը: Սակայն խնդիրն ահազանգը ստանալու առաջին իսկ պահից հստակ էր՝ ճշտել հնարավոր հանցագործի (կամ հանցագործների) ինքնությունը, հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալին, նաև ապահովել քաղաքացիների անվտանգությունը: 
Դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ: Հսկողության տակ վերցվեց Գյումրին, քաղաքի ելումուտը, միջքաղաքային ճանապարհները, ուժեղացված ծառայություն էր կատարվում մայրաքաղաքում, «Զվարթնոց» օդանավակայանում, սահմանային անցակետում: 
Օղակն աստիճանաբար սեղմվում էր: Իրավապահ կառույցների սերտ համագործակցությունն արդյունք տվեց. անելանելի վիճակում հայտնված կասկածյալը՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ստիպված էր շարժվել դեպի հայ-թուրքական սահման, որտեղ էլ ձերբակալվեց:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համակարգված փոխգործակցության համար շնորհակալություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայությանը, Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, ռուս սահմանապահներին, ինչպես և այն սրտացավ քաղաքացիներին, որոնք, ոչ միայն Գյումրիից, հարյուրից ավելի ահազանգերով օժանդակել են իրավապահներին իրենց գործողություններում:
Ոստիկանությունը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, մերձավորներին, համաքաղաքացիներին և շուտափույթ ապաքինում մաղթում փոքրիկ Սերյոժային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել