Իմ պատգամավորական գործունեության ընթացքում բազմիցս խոսել եմ Հայաստանի տարածքային համաչափ զարգացման և ապակենտրոնացման մասին: Փաստարկներս միշտ հիմնավորել եմ թվային տվյալներով և համեմատական վերլուծություններով Երևանի մարզի, իսկ հիմա Երևան քաղաքային համայնքի և մարզերի կամ մարզկենտրոնների միջև: Պետական միջոցների համաչափ բաշխման իմ լոբբինգը, որոշ դեպքերում, որոշ մարդկանց կողմից ընկալվել և ընկալվում է Երևանի զարգացման դեմ խոսել, ինչն աբսուրդ է, բնականաբար, բայց ես շարունակելու եմ նույն տեմպերով մարզային խնդիրները բարձրացնել: Քանի որ ես այդ խնդիրների ոչ մեկի և ոչ մի համայնքի զարգացման դեմ չեմ բարձրացնում, այլ` հանուն բոլոր համայնքների և Հայաստանի տարածքային համաչափ զարգացման:
Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, ևս մեկ անգամ բոլորս հիշեցինք, որ 26 տարի անց աղետի գոտում ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ և անօթևաններ, ինչը ևս մեկ անգամ հիմնավորում է իմ կողմից հետևողական կերպով բարձրացվող հարցերի արդիականությունը: Հուսով եմ՝ այս տեսանյութը մեր բոլոր պաշտոնյաները դիտել են կամ դեռ կդիտեն: Այստեղ անդրադարձ է կատարված միայն Գյումրի քաղաքին, որից սակայն իր խնդիրներով, տնակային ավաններով և անօթևաններով ետ չի մնում նաև Լոռու մարզը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել