Ստեղծված լարվածությունն Արևմուտքի և Ռուսաստանի միջև իր ազդեցությունն է ունենում միջազգային քաղաքական և տնտեսական իրավիճակի վրա: Համաշխարհային շուկայում նավթի գների անկումը և Արևմուտքի կիրառած պատժամիջոցները պատճառ են դառնում ռուսական ռուբլու արժեզրկմանը: 
Այս իրավիճակից տուժում է մեր տարածաշրջանը, ինչպես նաև Հայաստանը: Սակայն մեր հարևան երկրներում վիճակն ավելի բարդ է, քանզի վրացական լարին օրեցօր ավելի է արժեզրկվում, իսկ ադրբեջանական մանաթը կախվածություն ունի նավթի համաշխարհային գներից, ուստի դրանց նվազման հետևանքով այն ևս նվազում է:

Այսպիսի իրավիճակում հիրավի կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն սպեկուլյատիվ քայլերի միջոցով հավելյալ եկամուտներ ստանալ և ավելի բարդացնել իրադարձությունների ընթացքը: Այս ամենը կախելու և իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գալու համար երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է ԿԲ նախագահին` նշելով.

«Ֆինանսական շուկայում առկա լարվածության պայմաններում խիստ կարևոր է, որ ֆինանսական շուկայի բոլոր մանսակիցները հետևեն սահմանված նորմերին և կանոններին: Ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ ոմանք պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր կատարեն: Ուստի դիմում եմ ՀՀ Կենտրոնական բանկին, որպես ոլորտի կարգավորող մարմին, որպեսզի այս տեսանկյունից ուշադիր հետևի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլացիոն դեպքերը: Իսկ նման դեպքեր հայտնաբերելու դեպքում հարկ է կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատասխատվության միջոցներ իրենց ամբողջ խստությամբ»:

Գործադիրի ղեկավարի խոսքից կարելի է եզրակացնել, որ կառավարությունը հետևողականություն է ցուցաբերելու հարցի շուրջ և օգտագործելու է բոլոր լծակները սպեկուլյացիոն ռիսկերը բացառելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել