Վերջերս քաղաքական դաշտում քննարկման նոր առիթ դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը և Զարուհի Փոստանջյանի հարցազրույցը, որոնք էլ ավելի ուժեղ կասկածի տակ դրեցին Եռյակի կայունությունը:

Եթե հիշում եք, Հովհաննիսյանը խոստովանեց, որ Եռյակը միասնական չէ, և հետագա քայլերն էլ պարզ չեն: Այս հայտարարությունը քաղաքական դաշտում առաջացրեց նոր կանխատեսումներ: Մասնավորպես՝ մի մասը կանխատեսում էին ոչ իշխանականների հերթական պառակտում, իսկ մյուս մասն էլ խոսում էր այն մասին, որ Եռյակում հրապարակայնորեն խոստովանում են ներքին կոնսեսուսի բացակայության փաստը: Ակներև է, որ երկու դեպքում էլ Րաֆֆին չի կարող Արմեն Մարտիրոսյանին և Ռուբիկ Հակոբյանին առանձնացնել Եռյակից:

Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ Փաշինյանի՝ նոր գործընթացի վերսկսումից հետո Ժառանգության առավել ակտիվ թևը՝ փոստանջյանականը, համագործակցության ձեռք մեկնեց Փաշինյանին: Այս մասին մենք տեղեկացանք Փոստանջյանի՝ լրագրողների հետ հարցազրույցից հետո:

Բայց այսօր Ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հարցազրույց է ունեցել, որտեղ մասնավորապես ասել է. «Ժողովրդի ու մեր պահանջն իշխանափոխությունն է: Մեզ կառավարման համակարգի առողջացում է պետք, վիրահատական միջամտության կարիք կա, ցանկացած պարագայում մենք շատ ժամանակ չունենք, ուստի միմյանց հաջորդող քայլերը պետք է ավելի արդյունավետ լինեն»:

Այս կառույցին պաթետիկ կոչերն ու հայտարարությունները հոգեհարազատ էր, դա գիտեինք, բայց եթե վերոնշյալ իրադարձությունները դասավորենք հերթականությամբ և ավելի սառը գնահատենք Ժառանգության գործունեությունը, ապա պետք է նշենք, որ այսօր ամբողջ քաղաքական դաշտում առաջին հերթին Ժառանգությունը վիրահատության միջամտության կարիք ունի: Չնայած, չեմ կարծում, որ վիրահատությունն արդեն Ժառանգությանն օգնի, նրանից միայն հուշեր են մնացել ու պարզ չէ՝ ուրախ, թե տխուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել