Վերլուծիր ինքդ քեզ. «Ընկերներդ գիտեն, իսկ դու` ոչ»Cosmo.am-ը գրում է․

Եթե կա մի բան, որ դու բոլորից լավ գիտես, դա հենց քո անձն է, ճի՞շտ է: Թերևս՝ ոչ: Ինչպես շատ մարդիկ, դու էլ հավանաբար ինչ-ինչ կասկածներ ունես` սկսած նրանից, թե որ աշխատանքն է իդեալական քեզ համար, մինչև այն, թե իրականում ինչ ես զգում քո զուգընկերոջ հանդեպ:

Սթափվեցի՞ր։ Իսկ առավել ցնցողն է այն, թե ով քեզ կարող է ասել ճշմարտությունը:

Քեզ հետ չի՞ պատահել, որ հանկարծ բացահայտել ես մի բան, որի մասին նախկինում երբևէ չէիր էլ մտածել, բայց որը կարծես հենց քեզ համար է ստեղծված: Կամ ընկերներիցդ մեկը քեզ ծանոթացնում է մի տղայի հետ, ով մինչ այդ ամենևին էլ քո սրտով չէր, իսկ հիմա պարզվում է՝ սիրահարված ես:

Կամ էլ քո գործընկերուհին պատմում է խոհարարական դասընթացների հաճախելու մասին, և այդ միտքը անսպասելիորեն քեզ էլ է գրավում: Քեզ մոտ նույնիսկ միտք է ծագում հետագայում աշխատանքի անցնել ռեստորանում: Տարօրինակ է, թե ինչպես է այդպես ստացվում... Բայց ավելի տարօրինակ է, որ ուրիշ մեկը գիտի, թե ինչը կարող է քեզ ամբողջությամբ գրավել:

«Մենք այնքան ենք պարփակվում ինքներս մեր մեջ, որ հետո դժվարանում ենք պարզել, թե ովքեր ենք մենք»,- բացատրում է գիտությունների թեկնածու Սեմ Գոսլինգը:

«Կան մարդիկ, ովքեր կարողանում են խուսափել այդ խնդրից. նրանք տեսնում են ընդլայնված պատկեր, քանի որ այնքան խորասուզված չեն, որքան դու, և խճճված չեն ներքին հույզերով, որոնք կարող են քեզ ուղղակի կործանել»,- ասում է պրոֆեսոր, փորձառու հոգեբան Ալեն ՄըքՔոննելը:

Քո թաքնված արժանիքները և թուլությունները, չդրսևորված ունակությունները, քո երազած տղամարդու վերաբերյալ ենթագիտակցության ստեղծած չափանիշները. ահա սրանք են փոխարինում քո պոտենցիալ իրազեկությանը։

Մինչդեռ քեզ շրջապատող մարդիկ քո մասին կարող են ասել շատ ավելին. պարզապես պետք է իմանալ` ինչպես նրանց հարցնել այդ մասին:

Վերլուծիր անցյալդ

Քո ներքին առավելություններն ու թուլությունները ողջ կյանքիդ ընթացքում ուղեկցում են քեզ, ուստի առաջին քայլդ պետք է լինի անցյալիդ հետադարձ հայացք գցելը։ Հիշիր` մարդիկ ինչ կարծիքներ են հայտնել քո մասին:

Բաց արա ավագ դպրոցիդ հուշալբոմը և կարդա այն գրառումները, որոնք ընկերներդ են արել: Ինչ են նրանք գրել քո մասին, բնավորությանդ որ գծերն են մեկնաբանել:

Կարող ես նաև աչքի անցկացնել Facebook-ի քո հին հաղորդագրությունները: Շատ ուշադիր եղիր յուրաքանչյուր բառի նկատմամբ, որով քեզ բնորոշել են. զվարճալի, նորաձև, վայրի. այս ամենը խոսում է այն առանձնակի հատկանիշների մասին, որ ընկերներդ տեսել են քո մեջ, հատկանիշներ, որ իսկապես աչքի են զարնել: Հավատա՝ այդ ինֆորմացիան ոսկու գին ունի:

«Մեծանալով` մենք երբեմն անտեղյակ ենք դառնում մեր առավելություններին ու թերություններին, քանի որ դադարում ենք համեմատվել ուրիշների հետ»,- բացատրում է Գոսլինգը: Օրինակ` դու կարող ես լինել տաղանդավոր գրող, բայց քանի որ գրելը քեզ մոտ շատ բնական և հեշտ է ստացվում, դու հնարավոր է` չգիտակցես, որ ավելի տաղանդավոր ես, քան մյուսները: Դու մտածում ես, որ բոլորն էլ քեզ պես գրում են:

«Օգտագործիր նաև մարդկանց հուշերը: Հոյակապ հնարք է հետևյալը. խնդրիր մոտ ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամներին, որ քո մասին որևէ պատմություն պատմեն: Նրանք կարող են մտաբերել պահեր, որոնք դու արդեն մոռացել ես կամ հիշել մանրամասներ, որոնք դու այլ կերպ ես հիշում: Դրանք քեզ կհուշեն, թե նրանք ինչպես են ընկալել քեզ և քո բուն էությունը»,- ասում է Սենթ Լյուիսի Վաշինգտոնի համալսարանի Անձի և ինքնաճանաչման ամբիոնի ղեկավար, գիտությունների թեկնածու Սիմին Վըզայրը: Մայրդ գուցե հիշի, թե ինչպես էիր համառում, որպեսզի կոշիկներիդ կապերն ինքնուրույն կապես, երբ դեռ փոքր երեխա էիր։ Դա ցույց է տալիս, թե որքան ինքնուրույն և նպատակասլաց էիր հենց փոքրուց:

Ուշադրություն դարձրու անակնկալ կարծիքներին

Եթե որևէ բան ես լսում, որը շփոթեցնում է քեզ կամ չի համընկնում քո մասին ունեցած քո պատկերացման հետ, թող դա քեզ ոչ թե բարկացնի, այլ դարձնի առավել հետաքրքրասեր։

«Մենք բոլորս ունենք ուրույն տեսակետ այն մասին, թե ով ենք մենք և ով ենք ցանկանում լինել,- ասում է Գոսլինգը։ - Այդ տեսակետը կարող է փակել մեր տեսադաշտն այն տարբերակների համար, որոնք չեն համապատասխանում ինքներս մեր մասին ստեղծած մեր պատկերացմանը»:

Տեսակետների այս սահմանափակումը կարող է հանգեցնել նրան, որ դու չնկատես քո մասին ստեղծված պատկերացմանը հակասող մյուս կարծիքները, որոնք, սակայն, կարող են օգտակար լինել քեզ համար։ Եթե չկոտրես այդ պատնեշը, կարող ես բաց թողնել աներևակայելի հնարավորություններ:

Այնպես որ, եթե հաջորդ անգամ որևէ մեկի արած դիտողությունը զարմացնի քեզ, ավելի շատ մեկնաբանություններ պահանջիր իր արած հայտարարության վերաբերյալ: Ասենք՝ ընկերներիցդ մեկն ակնարկում է, թէ քեզ շատ է համապատասխանում իրեն ծանոթ մի արվեստագետ: Եթե անգամ սպորտային տիպի տղամարդկանց ես նախընտրում, հարցրու, թե ինչու է նա այդպես մտածում:

«Նա գուցե այնքան ոգևորի քեզ, որ չնկատես էլ` ինչպես ես համաձայնում»,- նկատում է Վըզայրը: «Ուշադրություն դարձրու նաև քո և մեկ ուրիշի կարծիքների տարբերությանը՝ կապված կյանքումդ կատարվող որևէ իրադարձության հետ»,- խորհուրդ է տալիս ՄըքՔոննելը: Երևի մտքովդ չի էլ անցնում, որ այն, ինչ շարժում է քո հիացմունքը, ընկերոջդ համար կարող է գրոշի արժեք իսկ չունենալ: Իսկ երբեմն կողքից հայացքը մեզ չի խանգարի...

Անցկացրու «փակ քվեարկություն»

Հեշտ չէ հասկանալ, թե ինչպես են մյուսները քեզ ընկալում և պատկերացնում։ Պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք երբեմն շատ քաղաքավարի են՝ քո մասին անկեղծ արտահայտվելու համար:
«Եթե նույնիսկ շատ պնդես, մարդիկ չեն ասի քեզ ողջ ճշմարտությունը` ինչ են ազնվորեն մտածում քո դրական և բացասական կողմերի մասին կամ այն մասին, թե արդյո՞ք կարիերայի ճիշտ ուղի ես ընտրել,- ասում է Վըզայրը: -Նրանք կասեն այն, ինչ, իրենց կարծիքով, կցանկանայիր լսել: Անկեղծ կարծիք լսելու համար հարկավոր է ուղիներ որոնել»:
Հանկարծակի այնպիսի անսպասելի հարցեր տուր ընկերներիդ և ընտանիքիդ անդամներին, որոնց միջոցով կբացահայտես քո մասին նրանց կարծիքը, իսկ նրանք չեն էլ զգա, թե ինչպես են անկեղծանում:

Ահա մի քանիսը`

 Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր կարող եմ ես խաղալ ֆիլմում: 
 Ձեր պատկերացմամբ, ո՞ր հայտնի անձնավորության հետ կարող եմ հանդիպել:
• Ո՞ր երգն է ձեզ հիշեցնում իմ մասին:

Հարցերդ տուր անսպասելիորեն. դե, ասենք, երբ աշխատանքից հետո հավաքվում եք մի բաժակ խմիչք ըմպելու, իբրև թե հանկարծ մի զվարճալի հարց է մտքումդ ծագել:

Ուզածիդ հասնելու համար կարող ես նաև «իմիջիայլոց» ռեպլիկներ բաց թողնել։ Ասենք՝ «Ես մտադիր եմ փոխել մասնագիտությունս և դառնալ հոգեբան», կամ «Մտադիր եմ գնալ պարի խմբակ»: Զարմանո՞ւմ ես: Հարկավոր չէ թերագնահատելայդ չեզոք ռեպլիկները, որոնց քո ընկերներն ու ընտանիքի անդամները կարձագանքեն ամենաանմիջական ձևով:

Կամ աշխատեցրու նրանց երևակայությունը` խնդրելով, որ քեզ պատկերացնեն մեկ այլ ոլորտում. «Կարո՞ղ եք պատկերացնել ինձ նորաձևության ասպարեզում աշխատելիս»:

Դու շատ բան կհասկանաս նրանց արձագանքից. եթե տատանվում են կամ շփոթված են, նշանակում է, որ չեն կիսում քո այդ կարծիքը, իսկ եթե նրանք իրոք ուրախանում են քո այդ պոտենցիալ հնարավորությամբ, ուրեմն, ամենայն հավանականությամբ, դու ճիշտ ուղու վրա ես:
«Անշուշտ, քեզ շրջապատող մարդիկ անսխալական չեն, և պետք չէ կուրորեն հետևել նրանց խորհուրդներին` անտեսելով քո սեփական զգացողություններն ու հետաքրքրությունները»,- շեշտում է ՄըքՔոննելը:

Ուրեմն, հավասարակշռություն գտիր: Որոշ ժամանակ տրամադրիր հասկանալու` որն է քեզ համար ճիշտ տարբերակը: Հենց վստահ լինես ընտրությանդ հարցում, լսիր ընկերներիդ, աշխատակիցներիդ, ընտանիքիդ անդամների կարծիքները և հետո միայն կայացրու վերջնական որոշումդ:

Միացրու կետերը

Լավ արձագանքներ ստանալու համար պարտադիր չէ միշտ ճչան հարցադրումներ անել: Մտապահիր մի քանի խորհուրդ, որոնք կարող են երբեմն պետք գալ քեզ: Օրինակ` զգույշ եղիր «ծայրահեղ» բառեր, գերադրական աստիճաններ կիրառելիս, ասենք`աշխատիր չասել «միշտ» կամ «երբեք»:

Արժե նաև հետևել, թե ինչպես են նկարագրում քեզ: Անկասկած, հաճելի է լսել ընկերոջդ կարծիքը, թե դու հոյակապ հռետոր ես` այն բանից հետո, երբ քրոջդ հարսանիքին կենաց ես ասել: Բայց երբ ընկերդ, հորաքույրդ և ծանոթդ, որին հանդիպել ես հինգ րոպե առաջ, ասում են քեզ նույնը, այդ դեպքում մի քիչ թերահավատ պետք է լինես այդ հայտարարությունների նկատմամբ:

«Ինքնաճանաչման հարցում քեզ կարող է օգնել նաև այն մասին մտածելը, թե դու ինչ դեր ես խաղում մարդկանց կյանքում»,- ավելացնում է Վզայրը:

Արդյո՞ք դու այն մարդն ես, որին զանգում են, երբ նեղության մեջ են, թե՞ այն մարդկանցից ես, ովքեր միշտ օգնության են հասնում, երբ խնդիրն արդեն լուծված է: Ղեկավարդ երբևիցե խնդրե՞լ է քեզ ավարտին հասցնել deadline-ով նախագիծը, թե՞ սովորաբար գործընկերոջդ է հանձնարարում:

Ծանրութեթև անելով, թե մարդիկ ինչ վերաբերմունք ունեն քո հանդեպ՝ կարող ես գաղափար կազմել ունակություններիդ մասին (ասենք` լա՞վ ունկնդիր ես կամ կարողանո՞ւմ ես, արդյոք, ճիշտ որոշումներ կայացնել ճնշման տակ): Իսկ որ ամենակարևորն է` կծանոթանաս բացթողումներիդ (ավելի զգայուն լինելը, քան մյուսներն են, խոչընդոտների հանդիպելիս ընկճվելը), որոնց վրա դեռ պետք է աշխատես:

Ուղղակի հիշիր, որ պետք է հանգիստ ընդունես քեզ վերաբերող բացահայտումները և չկաշկանդվես, եթե ջրի երես հանված որոշ գաղտնիքներ լինեն բացասական բնույթի:

Քանի որ, ի վերջո, ունենալով քո իրական, ամբողջական պատկերը` լավ և վատ կողմերով, կարող ես հասնել կատարյալ աշխատանքի, հոյակապ տղամարդու և բարեկեցիկ կյանքի:

Քո սիրո երկարակեցությունը

Որոշիր զուգընկերոջդ հետ հարաբերությունների ամրությունը` նախքան ընկերներդ կանեն դա։ Որքան էլ տարօրինակ հնչի, ուսումնասիրությունը պարզել է, որ ընկերներդ քեզանից ավելի լավ են կանխագուշակում` արդյոք ձեր հարաբերությունները երկարատև կլինեն, թե ոչ: Ըստ Պուրդու համալսարանի հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Քրիստոֆեր Էգնյուի՝ նրանք ավելի ճիշտ են վերլուծում, քանի որ ավելի քիչ են ներգրավված գործընթացում: Բայց կան ուղիներ, որոնցով ինքդ էլ կարող ես ստանալ անհրաժեշտ տեղեկությունները: Եվ այսպես, սկսեցինք:

«Կարդա» ձեր երկուսի պատկերը

Իհարկե, բարդ է օբյեկտիվ լինել քո իսկ սիրո պատմության մեջ: Մի քայլ հետ գնա ու նայիր ձեզ կողքից, կարծես` ընկերներիցդ մեկի աչքերով: Ուշադրություն դարձրու, թե ինչ շտկումներ ես անում ձեր հարաբերություններում: Մարդկանց հետ քո տղամարդու մասին խոսելիս թաքցրած մանրամասներն ի ցույց են դնում պոտենցիալ խոչընդոտները: Մեկ ամիս է, ինչ գրեթե չեք հադիպո՞ւմ։ Շա՞տ եք վիճում: Այս ամենը բարձրաձայն խուսափում ես ասել, բայց հենց սրանք են քո խնդիրները հասկանալու իրական բանալիները:

Վերծանիր քո ժեստերը

Ընկերներիդ՝ քո հարաբերությունները լավ հասկանալու պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք հետևում են քո ֆիզիկական շփմանը: Դու կարող ես նույնն անել: Խնդրեմ:

Նշաններ, որոնք հուշում են՝ լուրջ ես տրամադրված

Քո ոտքերն ուղղված են դեպի նրա ոտքերը, նրա ձեռքը բռնելիս դու պինդ սեղմում ես այն, դուք ընդօրինակում եք միմյանց շարժումները:

Ստուգիր հին էլեկտրոնային նամակները

Ընկերներն ուշադրություն են դարձնում նաև մեկ այլ հանգամանքի վրա` ինչպես եք հաղորդակցվում, արդյոք ձեր երկխոսությունը բնական ու զվարճալի է, թե լարված: Կարծիք կազմիր այդ ամենի մասին՝ հին էլեկտրոնային նամակները կամ չաթերը նայելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել