Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ մասնավորապես նշելով.
«Մարդիկ ուզում են նոր քաղաքական դեմքերով և նոր քաղաքական ուժերով իշխանություն: Առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու: Նույն դեմքերով ու նույն մեթոդներով ևս 10 տարի կառավարել չի՛ ստացվելու»: 
Այս հայտարարությունն իր մեջ բավականին հետաքրքիր նրբերանգներ է պարունակում: Նախ, ԲՀԿ-ն անձնական ջերմ հարաբերությունների մեջ է հետխորհրդային երկրների որոշ ղեկավարների՝ մասնավորապես Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որոնց իրապես քաղաքականության մեջ նոր դեմքեր չես համարի: 
Ավելին, Լուկաշենկոն Բելառուսի «հավերժ նախագահության» հայտ վաղուց է ներկայացրել: Կարող ե՞նք արդյոք Ծառուկյանի այս հայտարարությունը որպես իր վաղեմի ընկերոջն ուղղված մեսիջ դիտել… Հարցադրումը հռետորական է: 
ԲՀԿ-ն և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիան», ինչպես նաև ուկրաինական «Ռեգիոնների կուսակցությունը» միջկուսակցական համագործակցության մի շարք պայմանագրեր ունեն, կազմակերպվել են մեծ թվով համատեղ միջազգային ֆորումներ և կոնֆերանսներ: 
Հայտնի է՝ Վլադիմիր Պուտինը երկու ժամկետ ղեկավարելուց հետո նշանակվեց վարչապետի պաշտոնում, ապա վերադարձավ նախագահի պաշտոնին: Արդյո՞ք ԲՀԿ-ն խնդիր է տեսնում պարտնյոր կուսակցության լիդերի քաղաքական երկարակեցության հարցում:
Թե ինչ հետևանքներ կունենան ԲՀԿ-ի դիրքորոշային փոփոխությունները, ցույց կտա ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել