ՀՀ ներքաղաքական ոլորտի վերաբերյալ վերլուծական գրելն արդեն անիմաստ է դառնում: Հենց այդ պատճառով է, որ արդեն երկար ժամանակ է՝ չեմ անդրադառնում ՀՀ ներքաղաքական դեպքերին և դեմքերին:

Ի՞նչ գրել, երբ տեսնում ես, թե ինչպես է մի ամբողջ հասարակություն ամեն անգամ ծառայեցվում «էլիտայի» շահերին: Եթե էլիտան իր բուն իմաստով գոյություն ունենար, ապա հնարավոր կլիներ համակերպվել այդ փաստի հետ, քանզի իր իրական իմաստով էլիտան հենց հասարակության շարժիչ ուժն է, որի գործունեության բուն նպատակը հասարակության ու պետության առաջխաղացումն ու կայուն զարգացումն է:

Ի՞նչ կարծիք հայտնել, երբ ուղղակի ակնհայտ է, որ քաղաքական մանիպուլյացիաները կատարվում են ոչ թե կուսակցությունների միջև, այլ կուսակցական խմբավորումների՝ մի՞թե ինչ-որ մեկը կհերքի այն փաստը, որ իշխանության կրող ՀՀԿ-ն արդեն բավականին ժամանակ է ներքին խմորումների փուլում է, ինչի արդյունքում տուժում են ոչ միայն ՀՀԿ-ականները, այլ նաև բոլորը, քանզի էներգիան ծախսվում է ոչ թե պետության, այլ բացառապես սեփական ամբիցիաների բավարարման վրա:

Ի՞նչ ասես, երբ ընդդիմությունն ու իշխանությունը «պասերով» են խաղում, իսկ աշխատաշուկայում էլ նոր մասնագիտություն է առաջացել՝ ցուցարար անվանումով:

Ո՞ւմ մեղադրես, երբ մի ամբողջ ազգ լիդեր է փնտրում այնտեղ, որտեղ ի սկզբանե ոչ թե լիդերներ են եղել, այլ խամաճիկներ կամ լավագույն դեպքում խորամանկ հովիվներ:

Հ.Գ. Ես երբեք իմ առջև խնդիր չեմ դրել կարիերա անել ինձ ծնած ազգին խաբելու և թալանելու գնով, ուստի չեմ կարող չասել այն, ինչ ակնհայտ է: Գուցե շատերը ներքուստ համաձայնեն, սակայն, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, քննադատեն նման մոտեցումը, վրդովվեն, նեղանան և այլն, սակայն ես երազում եմ, որ հայ հասարակության անդամները վերջապես հասկական, որ հենց մենք ենք մեր երկրի բջիջները, մեզանից յուրաքանչյուրից է կախված Հայաստան պետության, ինչպես նաև այդ պետությունում մեր և մեր սերունդների ապագա կյանքի որակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել