Այսօր Արդարադատության ակադեմիայում վերապատրաստման դասընթաց էի անցկացնում Դատական կարգադրիչների համար: Քննարկում էինք կարգադրիչ-հասարակություն և կարգադրիչ-լրագրող շփումները: Դասընթացի ընթացքում վերհանվեցին խնդիրներ, որոնք ինչ-որ կերպ դժվարացնում են այդ հարաբերությունները: Բոլոր խնդիրները քննարկեցին մանրամասն և գտնվեցին դրանց հաղթահարման ուղիները: Վստահ եմ, որ այս խմբի կարգադրիչների մոտ շուտով նկատելի կդառնա դրական փոփոխությունները: Բայց քննարկման ընթացքում ինձ կարգադրիչները դժգոհություն հայտնեցին որոշ փաստաբանների վարվեցողությունից: Մասնավորպես, պարզվում է, որ կան փաստաբաններ, որոնք կարող են դատարանի շենք մտնել և կարգադրիչների ծառայության աշխատակցին բացահայտ արհամարանք ցույց տան: Օրինակ՝ կարգադրիչը փաստաբանին հարցնում է՝ ո՞ւր եք գնում, փաստաբանն էլ պատասխանում է՝ «մինչև հիմա ինձ չե՞ս ճանաչում»: Կամ, որ նույնպես անընդունելի է, փաստաբանը կարող է կարգադրիչին արհամարել, չպատասխանել հարցին, կամ պատասխանել՝ «էլ ուր պետք ա գնամ, դատական նիստի»: Նման փաստաբաններին ուզում եմ տեղեկացնել, որ իրենք կարող են նաև դատարանի շենք մտնել գրասենյակ գնալու համար, ասենք՝ հայցադիմում կամ այլ փաստաթուղթ հանձնելու: 
Կարգադրիչներին խնդրել եմ, որ այսուհետ այդպիսի դեպքերն անմիջապես հայտնեն ինձ, մասնավորապես նշելով փաստաբանի անունն ու անհարգալից վարքագիծը:
Հարգելի փաստաբաններ, դատական կարգադրիչները մեծ հարգանքի են արժանի, իրենք են ապահովում հենց ձեր անվտանգությունը դատարանում: Աշխատեք լինել զսպված, հարգել դիմացինին՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից: Իսկ դատական կարգադրիչների նկատմամբ հորդորում եմ ցուցաբերել առանձնահատուկ հարգանք:
Խոստանում եմ նման դեպքերին անձամբ հետևել և առանց մտորելու բոլորին ներկայացնել փաստաբանին՝ իր ողջ «հմայքով», որը ցուցաբերում է դատարանի շենքում: 
Փաստաբանական դպրոցին էլ հորդորում եմ վերապատրաստման դասընթացներում ուշադրություն դարձնել այս խնդրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել