Ուղիղ 20 տարի առաջ այս օրերին ստորագրված Բիշկեկյան արձանարգությունները պատրաստվում էին ստորագրել երկու կողմ՝ Արցախը ու Ադրբեջանը։ Ըստ Կազիմիռովի՝ Ադրբեջանի պահանջի համաձայն միացավ նաև Հայաստանի Հանրապետությունը։

Այսօր, ըստ ԱՄՆ համանախագահ Ձեյմս Վոռլիքի, գոյություն ունի ընդհամենը երկու կողմ հակամարտության՝ Հայաստանի Հանրապետությունը ու Ադրբեջանը։ Արցախի Հանրապետությունը՝ իր ողջ պետական ապարատով, 20 տարվա ժողովրդավարական բարեփոխումներով, ԵԽԽՎ պատգամավորների ու մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ողջույնի խոսքերով Արցախում կառուցվող ժողովրդավարության հասցեին, Ավստրալիայի մեծագույն նահանգի կողմից ճանաչումով, ԱՄՆ արդեն 4 նահանգների օրենսդիրների կողմից Արցախի անկախությունը ճանաչող բանաձևերով ու վերջապես իրենց պարտադրված պատերազմում չափազանց ծանր գնով հաղթանակ տարած Արցախի Հանրապետությունը Վոռլիքը հավասարացրեց ադրբեջանցի փախստականների միությանը, նշելով, որ դրանք ուղղակի շահագրգիռ կողմեր են։

Փաստորեն, ըստ այս խոհեմ պետական այրի, որը ներկայացնում է այդ խոհեմ ԱՄՆ պետության պաշտոնական դիրքորոշումը, այս 20 տարիների ընթացքում Արցախը հակամարտության կողմից դարձավ շահագրգիռ կողմ։

Շահագրգիռ կողմ կարող է հանդիսանալ միայն Վոռլիքի մաման, բայց ոչ Արցախի հանրապետությունը: Կամ պապան։ Կամ որևէ այլ ազգական, որը կնախընտրի, որ իր որդին իրեն լավ դրսևորի այդ բարդ հակամարտության մեջ նման կարևոր պաշտոն ստանձնելով ու անիմաստ անգլուխ զավեշտալի հայտարարություններ չանի, բայց ոչ մի դեպքում ոչ իր անկախության համար 1918-1921-ին անթիվ անհամար արյուն թափած, սովետական տարիներին ադրբեջանական ճնշումներին դիմակայած ու գոյատևած, 1988-1994-ին քաղացիական հասարակության դեմ բանակ հանած Ադրբեջանին ծնկի բերած ու 1994-ին վերջապես անկախություն ձեռք բերած Արցախի հանրապետությունը։

Հ.Գ. Ցույց անո՞ւմ ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց, թե ցույցերը միայն Ռուսաստանի դեսպանատան դիմաց են թույլ տալիս կազմակերպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել