«Ես կանգնած եմ երկու ճանապարհների ընտրության առջև և չգիտեմ՝ որ կողմ գնալ՝ Շեքսպիրի՞, թե՞ Էրզրումի»: Ինչու՞ էր հենց Էրզրումը դրված Շեքսպիրին հակակշռող նժարին: Պարզ պատճառով. Էրզրումն իր ծագումն էր: Նրա արվեստային էությունը և հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումը առաջացել էր իր ծագման գիտակցումից: Ազնիվ, պինդ և համառ մի մարդ, ով սիրում էր արվեստը, ով կլանում էր փիլիսոփաներին, ով անչափ սիրում էր Սաթենիկ Միրիմանյան անուն-ազգանունով մի թիֆլիսեցի աղջկա, ով խենթանում էր իր վեց զավակներով, ով իր ստորագրությունը դրեց հայութայն համար այնքան վտանգավոր Բաթումի պայմանագրի տակ, ով դարձավ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետը, ով իր մահկանացուն կնքեց ստալինյան բանտում: Ողբերգական մի ճակատագիր: 
Ծնվել է Ախալքալակում, 1868-ի փետրվարի մեկին: Նախնիները Էրզրումից էին: Ընտանիքն այն առաջին օղակն էր, որ նպաստավոր եղավ Հովհաննես Քաջազնունու՝ իբրև մարդ, իբրև տղամարդ, իբրև հայ, իբրև փիլիսոփա և իբրև ազգային-քաղաքական գործիչ ձևավորման և կայացման համար: Հաջորդ օղակը լինելու էր Թիֆլիսի Ռեալական դպրոցը, ապա և Պետերբուրգը՝ իր համալսարանական կյանքով և ընդհատակյա գաղտնի կազմակերպությունները, որտեղ խմորվում էր նոր ժամանակների քաղաքական միտքը:
Մինչ ինստիտուտ ընդունվելը նա արդեն սիրահարված էր օրիորդ Սաթենիկին և անբեկանելի որոշում ուներ նրա հետ ամուսնանալու: Թեև դա քիչ հավանական էր՝ հաշվի առնելով օրիորդի հոր բացասական և անգամ ագրեսիվ վերաբերմունքը երիտասարդ Հովհաննեսի նկատմամբ: Սաթենիկ Միրիմանյանին գրած Քաջազնունու նամակները կարելի է դասել հոգեվերլուծության ոլորտին:

Հովհաննես Քաջազնունու զավակներըԱրամ և Հրաչյա-Անահիտ Քաջազնունիներ

«1885թ., հունիս 20, Ախալքալակ:
Դուք ծնվել եք տաք, կրքոտ հոգով: Դուք սիրո ծարավ էիք, բայց ոչ ոք չէր հագեցնում այդ ծարավը: Տանը չգտնելով սեր և կարեկցանք՝ Դուք այն դրսում փնտրեցիք: Եվ էլի չգտաք: Զայրացել եք ամեն ինչի վրա, Ձեր սիրտը սառել և չարացել է անգիտակցաբար: Դուք որոշեցիք, որ ինքնազոհ և առանց էգոիզմի մարդիկ չկան: Դուք անվստահություն ունեք նրանց հանդեպ, ովքեր բարյացակամ են Ձեր նկատմամբ: Մինչև Դուք չհարգեք և չսիրեք ինքներդ Ձեզ, ոչինչ չի շտկվի Ձեր կյանքում: Դուք կորցրել եք հավատը Ձեր հանդեպ»:
Նա շատ էր սիրում Սաթենիկին: Եվ ուզում էր սիրած աղջկա հետ կիսել ոչ միայն սերը և ապագայում ընտանեկան հովվերգությունը, այլև քաղաքական պայքարի ողջ ռոմանտիզմը և ռեալիզմը: Քաղաքականությունը երկուսի միջև բռնկված սերը չվերածեց կանոնադրական սիրո: Այն մինչև վերջ մնաց քնքուշ և անսահման:
«1886, 25 նոյեմբեր, Խարկով.
Այն, ինչ կենդանի է իմ մեջ, ուժեղ է, կրքոտ, փնտրող, տառապող, մեկ զգացմունքի մեջ է՝ սիրո: Ես հիմա հասկանում եմ այն սարսափելի ուժը, որ մտել է իմ մեջ: Խլեք ինձնից այդ զգացումը, և խլած կլինեք ամեն բան, որ ես ունեմ»: Քաջազնունին մաքսիմալիստ էր: Իր բնավորությունն էր այդպիսին: Միակ թեման, որի շուրջ խոսելիս նա մի կողմ է դրել մեղմությունը և համբերատարությունը և դարձել կտրուկ, չոր, աններող, հայությանը վերաբերող հարցն էր. «Ազգությունից դուրս մարդկություն չկա»:
Նրանք ամուսնացան 1889-ի ամռանը: Դեռ որ ամեն ինչ հարաբերականորեն լավ էր: Քաջազնունին ամուսնացել էր սիրած աղջկա հետ և առաջին դուստրն ունեցել: Երեխային կոչել էին Հրաչյա: Հետագայում Հրաչյան, դժգոհ իր անունից, կընդունի նաև Անահիտ անունը: Նրանց ընտանեկան կյանքը ենթարկվելու և փոխլրացնելու էր քաղաքականությանը: Շուտով Հրաչյայի և Արամի օրորոցների մեջ հերթով կպառկեն, կլացեն, կժպտան Աշոտ, Ռուբեն, Կարեն և Մարգարիտ Քաջազնունիները: Նրանց հայրը աշխարհի ամենաերջանիկ մարդը կհամարի իրեն, որովհետև կհավատա, որ իր երեխաները, թոռներն ու ծոռները ապրելու են իր երազած ինքորոշված-ինքնիշխան հայրենիքում: 
... Երբ 1914թ. նրանց ավագ որդին՝ անչափահաս Արամը, ծնողներին հայտարարեց, թե ուզում է կամավոր մեկնել ռազմաճակատ, հայրը խոստացավ բարեխոսել կամավորական բյուրոյում մի պայմանով, որ երեխան համբերի 2-3 ամիս, մինչև կավարտի դպրոցը: Մայրը ոչ թե ուշաթափվեց կամ սրտի տագնապ ունեցավ, այլ ասաց. «Թող գնա, մյուս գնացողները նույնպես մայրեր ունեն»: Հովհաննես Քաջազնունու երեք տղաներն էլ՝ Արամը, և երկվորյակներ Աշոտն ու Ռուբենը, կամավոր մեկնեցին ռազմաճակատ: Չորրորդ՝ կրտսեր որդին, շատ էր փոքր: Նրանց հայրը բոլոր լծակներն ուներ տղաներին կռիվ չուղարկելու: Իսկ վարչապետ նշանակվելուց հետ առավել ևս հեշտ էր դա անել, բայց, ըստ երևույթին, ժամանակներն ավելի ազնիվ էին, և Հայաստանը՝ ավելի սիրելի...
Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել