«Ես կանգնած եմ երկու ճանապարհների ընտրության առջև և չգիտեմ՝ որ կողմ գնալ՝ Շեքսպիրի՞, թե՞ Էրզրումի»: Ինչու՞ էր հենց Էրզրումը դրված Շեքսպիրին հակակշռող նժարին: Պարզ պատճառով. Էրզրումն իր ծագումն էր: Նրա արվեստային էությունը և հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումը առաջացել էր իր ծագման գիտակցումից: Ազնիվ, պինդ և համառ մի մարդ, ով սիրում էր արվեստը, ով կլանում էր փիլիսոփաներին, ով անչափ սիրում էր Սաթենիկ Միրիմանյան անուն-ազգանունով մի թիֆլիսեցի աղջկա, ով խենթանում էր իր վեց զավակներով, ով իր ստորագրությունը դրեց հայութայն համար այնքան վտանգավոր Բաթումի պայմանագրի տակ, ով դարձավ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետը, ով իր մահկանացուն կնքեց ստալինյան բանտում: Ողբերգական մի ճակատագիր:
Ծնվել է Ախալքալակում, 1868-ի փետրվարի մեկին: Նախնիները Էրզրումից էին: Ընտանիքն այն առաջին օղակն էր, որ նպաստավոր եղավ Հովհաննես Քաջազնունու՝ իբրև մարդ, իբրև տղամարդ, իբրև հայ, իբրև փիլիսոփա և իբրև ազգային-քաղաքական գործիչ ձևավորման և կայացման համար: Հաջորդ օղակը լինելու էր Թիֆլիսի Ռեալական դպրոցը, ապա և Պետերբուրգը՝ իր համալսարանական կյանքով և ընդհատակյա գաղտնի կազմակերպությունները, որտեղ խմորվում էր նոր ժամանակների քաղաքական միտքը:
Մինչ ինստիտուտ ընդունվելը նա արդեն սիրահարված էր օրիորդ Սաթենիկին և անբեկանելի որոշում ուներ նրա հետ ամուսնանալու: Թեև դա քիչ հավանական էր՝ հաշվի առնելով օրիորդի հոր բացասական և անգամ ագրեսիվ վերաբերմունքը երիտասարդ Հովհաննեսի նկատմամբ: Սաթենիկ Միրիմանյանին գրած Քաջազնունու նամակները կարելի է դասել հոգեվերլուծության ոլորտին: