ՀՀ ԱՎԾ հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները 2014թ. հունվար-մարտի հաշվով։ Դրությունը լավ չէ։ Ունենք ՏԱՑ աճ՝ 3,3 տոկոս։ Տարեկան խոստացված ցուցանիշն է՝ 5,2 տոկոս ըստ բյուջեի և 7 տոկոս՝ ըստ Ս.Սարգսյանի։ Ցուցանիշը մի փոքր բարելավվել է, քան էր հունվար-փետրվարին, բայց ավելի վատն է, քան 2013-ի 3,5%-ը։ Կա նաև ցուցանիշի արժանահավատության խնդիր։ Օրինակ՝ ամենամեծ աճը գրանցված է գյուղատնտեսության ( 5,2%) բնագավառում։ Եվ սա այն դեպքում, երբ մարտի 30-ի և 31-ի ցրտերը համարվում են աննախադեպ վերջին մի քանի տարիների համար։ Չգիտեմ, ստացվում է, որ գյուղատնտեսական արտադրանքի աճ ունենալու համար մեզ ցրտահարություններ են պետք։ Հնարավոր է նաև այս հարցադրմանը տան հետևյալ ձևական պատասխանը՝ ցրտահարությունների հետևանքներ դեռ հաշվի չենք առել։ Անհասկանալի է նաև եկամուտներ/գնաճ հարաբերակցությունը։ Գներն աճել են 4.6 տոկոսով։ Բայց եկամուտները՝ 6.6%։ Ասել կուզի՝ 2 տոկոսով ավելի լավ ենք ապրել։ Բայց ամբողջ խնդիրն էլ այն է, որ աշխատողների մի զգալի մասը կատարել է 5% մասհանում կուտակայինին։ Այս մասհանումը եկամուտ համարել չի կարելի. առնվազն պետք է դիսկոնտավորել 45 տարվա համար։ Արտահանումն աճել է 1.8 տոկոսով, ներմուծումը՝ 0.2։ Բացառված չէ, որ այստեղ լուրջ անկում ունենք։ Ամբողջ խնդիրն այն է, որ արտահանման և ներմուծման ինդեքսները հաշվի չեն առնում դոլարային գնաճը։ Միևնույն ժամանակ այդ ինդեքսը հրապարակված չէ։
Զգալով իրավիճակը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը երեկ հայտարարել էր, որ ՀՀ-ում տնտեսական աճի դանդաղեցման պատճառը Ռուսաստանի վատ վիճակն է։ Նման «բացատրությունները» համարում եմ կոպիտ տնտեսական ու քաղաքական սխալ։ Դեռևս 4 ամիս առաջ նախկին վարչապետը տնտեսական աճի դանդաղումը պայմանավորել էր համաշխարհային տնտեսության աճի տեմպի դանդաղեցմամբ։ Պարզվեց, այդպես չէ։ Հիմա էլ Ռուսաստանի տնտեսությունն են վկայակոչում։ Է, որ վա՞տ է, ինչո՞ւ եք ՄՄ մտնում։ Բա ասում էիք, որ ՄՄ եք գնում ավելի լավ զարգանալու համար։ Կամ որքանո՞վ է ազնիվ մեր չարած գործերը ռուսների վրա բարդելը։ Դեռ պետք է թվերով ապացուցել, թե ՌԴ տնտեսական զարգացման դանդաղեցման արդյունքում ՀՀ տնտեսությունը վնաս կրե՞լ է, թե՝ ոչ։ Ի վերջո, եթե այսպես շարունակվի միշտ էլ կարելի է ասել, որ կամ ՌԴ տնտեսությունն է կաղում, կամ եվրոպայինը կամ էլ աշխարհինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել