Վերջերս պարոն Օսկանյանի կողմից Ֆեյսբուքում գրառումներ կատարվեցին ներկայիս պարտքի ծավալների և կառավարման վերաբերյալ. Նորմալ է, որ պարոն Օսկանյանը տնտեսական երևույթների մասին համապարփակ և խորը դատողություններ չի անում, քանի որ տնտեսագետ չէ, բայց նորմալ չէ, երբ մարդկանց ճիշտը չի ներկայացնում: Անրադառնամ դրանց:
Օսկանյանն ասում է, որ մեր պետական պարտքը լինելով ՀՆԱ 43 տոկոսի շրջանակներում` “հսկայական թիվ է” և “տնտեսության համար լուրջ պրոբլեմ է”; Եթե զուգահեռներ անց կացնենք պարտքի ճգնաժամեր ապրած զարգացող երկրների փորձին ապա կտեսնենք. Ռուսաստանի համար պարտքի “հսկայական թիվ” և “տնտեսության համար լուրջ պրոբլեմ առաջացնող” պարտք ՀՆԱ ցուցանիշը 35%-ն էր 1998թ-ին, 2002թ-ին Արգենտինայինը 140%-ը, միանգամայն իրարից մի քանի անգամ տարբերվող մեծություններ` հետևաբար առաջին հետևությունը, որ խնդիրը միայն պարտք/ՀՆԱ ցուցանիշի մակարդակի մեջ չէ: Իսկ որպեսզի կատարենք դատողություն, թե մեր դեպքում պարտք/ՀՆԱ ցուցանիշը կառավարելի է թե ոչ, անհրաժեշտ է տնտեսության բազմաթիվ ցուցանիշներ ևս հաշվի առնել և վերլուծություն կատարել: 
Պարոն Օսկանյանի որակումների՝ տնտեսագիտության մեջ կիրառելի, տերմինը ընդունված է անվանել “պարտքի կայունություն”. Խնդրում եմ ցույց տվեք “պարտքի կայունության” Ձեր վերլուծությունը կամ հղումը: Իսկ պարտքի կառավարելիության վերաբերյալ կառավարության պնդումների հիմնավորումները կարող եք գտնել Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ պատրաստված “Հայաստանի Պարտքի Կայունությունը” վերլուծական փաստաթղթում` տեղադրված ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հասցեում`http://www.minfin.am/up/macroind/DSA12.10..pdf:

Օսկանյանն ասում է, որ մեր արտարժութային պարտքը կազմում է 4 մլրդ դոլար և եթե դրան ավելացնենք Ռուսաստանից ներգրավելիք 1 մլրդ դոլարը, ապա պարտքը կկազմի ՀՆԱ 55 տոկոսից ավելի: 
Նախ պետության արտաքին պարտքը 2011 թվականի վերջի դրությամբ կազմել է շուրջ 3.6 մլրդ. դոլար, այլ ոչ թե 4 մլրդ. դոլար, կարելի էր օգտվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող պարտքի հաշվետվություններից: Եվ հետո ինչ է նշանակում “ավելացնել Ռուսաստանից ներգրավվելիք 1 մլրդ. դոլարը” եղած պարտքի պաշարին և հայտարարել, որ այն միանգամից դառնալու է ՀՆԱ-ում 55 տոկոս: Ռուսաստանից 1 մլրդ դրամի պարտք ներգրավելու առկա ծրագիրն ակնհայտ ճիշտ տեղեկատվություն չէ: Երկրորդ` միջոցները ներգրավվում և ծախսվում են համաձայն բյուջեի մասին օրենքի, ինչը հաստատում է ԱԺ-ն: Երրորդ՝ պարտքի ներգրավման աղբյուրը բյուջեի պակասուրդն է, որի առաջիկա երեք տարիների սցենարն ամրագրված է կառավարության կողմից հաստատված 2013-2015թթ Միջնաժամկետ Ծախսերի Ծրագրում: Եվ նույնիսկ ըստ այդ փաստաթղթի, առաջիկա երեք տարիների պակասուրդների ծավալները եթե գումարենք, միևնույն է փոքր է 1 մլրդ ԱՄՆ դոլարից: 
Օսկանյանն ասում է, որ Հայաստանին հատկացված վարկերն արտոնյալ վարկեր չեն և դրանք լողացող տոկոսադրույքով են, մոտ LIBOR+3 տոկոսին: 
Այս պնդումը բացարձակապես հեռու է իրականությունից: Հայաստանի արտաքին պետական պարտքի միջին տոկոսադրույքը 2011թ-ին կազմել է 1.52 տոկոս, իսկ կառավարության արտաքին պարտքում ֆիքսված տոկոսադրույքով պարտքի տեսակարար կշիռը 76.3 տոկոս է: Առաջարկում եմ նման դեպքերում ևս օգտվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող պետական պարտքի հաշվետվություններից, էլեկտրոնային տարբերակնեը մշտապես տեղադրվում են պաշտոնկան կայքում: 

Օսկանյանն ասում է. 2013-ից մոտ 400 մլն դոլարով պարտքի սպասարկումը արդեն լրջագույն բեռ է բյուջեի համար: 
Այստեղ ևս խորհուրդ կտայինք օգտվել պարտքի վերաբերյալ վիճակագրությունից. Ձեր մատնանշած բյուջեի հաշվին 400 մլն դոլար սպասարկման տեղեկատվությունն ուռճացված է և չի համապատասխանում իրականությանը: 2013 թվականին Կառավարության արտաքին պարտքի սպասարկումը, որն իրականացվելու է պետբյուջեի միջոցների հաշվին, իրականում կազմելու է 226 մլն. դոլար, այլ ոչ թե 400 մլն. դոլար: Եթե սրանից հանենք նաև այն ենթավարկերը որոնք նախկինում տրամադրվել են մասնավորին և այժմ հետ են վերադարձվում բյուջեին, ապա բյուջեի եկամուտների հաշվին սպասարկվելիք պարտքի ծավալը 2013թ-ին կկազմի մոտ 185 մլն ԱՄՆ դոլար, ինչը միանգամայն խնդիր չէ բյուջեի բեռի տեսանկյունից: 
Օսկանյանն ասում է, որ դրամի արժեզրկման հետևանքով օրեցօր ավելանում է նաև պարտքի սպասարկման բեռը: 
Ճիշտ է, որ արժեզրկումը արտարժույթով պարտքի սպասարկման բեռն ավելացնում է, սակայն եթե հասկանանք, որ բյուջեն հոսքերի աղյուսակ է` հետևաբար արտարժույթի փոխարժեքի ազդեցությունը այնպես ինչպես ազդում է արտարժույթով ելքերի վրա այնպես էլ պետք է ազդի նույն արտարժույթով մուտքերի վրա: Հետևաբար` միայն այն փաստը, որ մենք զուտ արտարժութային միջոցներ ներգրավող ենք (արտարժութային մուտքերը գերազանցում են ելքերին)հակառակն է փաստում: Երկրորդ, բյուջեի վրա արժեզրկումն անուղղակի ազդեցություն է ունենում նաև ներմուծումից հարկային մուտքերի ավելացման միջոցով, քանի որ հարկման ենթակա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը կամ հարկման բազան արժեզրկման արդյունքում աճում է` հանգեցնելով ներմուծումից գանձվող հարկերի ավելացման: Երրորդ, արժեզրկումը ևս մեկ անուղղակի ազդեցություն է ունենում բյուջեի վրա այս անգամ արդեն երկարաժամկետ հատվածում, քանի որ այն հանգեցնում է արտահանման աճի, ինչն էլ նպաստելով տնտեսական աճին` բերում է նաև բյուջեի հարկային մուտքերի ավելացման: 
Պարոն Օսկանյաը պատկերը սովորաբար ներկայացնում է այնպես ինչպես Իրեն է հարմար, ինչի արդյունքում ճշմարտությունը կորչում է:
Օսկանյանն ասում է, որ արտաքին պարտքի օգտագործումը Հայաստանի տնտեսության մեջ նախորդ չորս տարիներին արդյունավետ չի եղել և չի նպաստել տնտեսական աճի… կառավարությունը պարզապես պարտավոր է հաշվետու լինել: 
Ներգրավված արտաքին միջոցների զգալի մասն ուղղվել է տնտեսության ենթակառուցվածքներին, ինչն անմիջապես տնտեսական աճի է բերում: Ինչ կասեիք այն մասին, որ 2008-2011թթ-ին կառուցվել և վերանորոգվել է 1158 կմ երկարությամբ ճանապարհ, իսկ միջին տարեկան հաշվարկով 386 կմ, 1997-2007թթ-ի միջին տարեկան 175 կմ-ի դիմաց: Հասարակության համար հուժ կարևոր խմելու ջրի համակարգերի վրա 2008-2011թ-ին ծախսվել է 4 անգամ ավելի միջոց քան 2005-2007թթ-ին` արդյունքում ջրամատակարարման միջին տևողությունը հանրապետության տարածքով հասցվել է 21.1 ժամի: Թերևս չծանրաբեռնելով նյութը թվերով ուղղակի խորհուրդ կտայի ուսումնասիերլ Կառավարության 2008-2011թթ-ի գործունեության արդյունքների հաշվետվությունը, որտեղ մանրամասն տեղեկատվություն է ներկայացված կատարված աշխատանքների մասին:
Ավելին վարկերի օգտագործման վերաբերյալ մանրամասը տեղեկատվություն է ներկայացվում նաև պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություններում: Եթե սա էլ Ձեզ չի բավարարում, ապա Միջազգային դոնոր կառույցները, այդ թվում Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը և այլն, մշտապես գնահատականներ են ներկայացնում Հայսատանին տրամադրված վարկային ռեսուրսների օգտագործման ուղղությունների և արդյունքների վերաբերյալ: Խորհուրդ կտայինք այցելել օրինակ Համաշխարհային բանկի հայաստանյան կայքեջ`http://www.worldbank.org.am/external/default/main?menuPK=301610&pagePK=141155&piPK=141124&theSitePK=301579, որտեղ ներկայացված են Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացված և ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերը` մանրամասն տեղեկատվությունով նաև իրականացված ծրագրերի տնտեսական արդյունքների վերաբերյալ: Նույն տեղեկատվությունը հասանելի է նաև այլ կառույցների կայքէջերում: Հատկանշական է, որ ծրագրերի իրականացման առումով համաշխարհայի բանկի կողմից Հայաստանը դասվում է լավագույն կատարողական ունեցող երկրների շարքին: Հետևաբար նախքան հայտարարություններ անելը անհրաժեշտ է օգտվել թափանցիկության և հաշվետվելիության այն բոլոր գործիքներից, որոնք կառավարությունը ներկայումս կիրառում է: Իսկ եթե այդ աղբյուրների տեղեկատվությունից օգտվելուց հետո կոնկրետ ասվեր թե ինիչը դուր չի գալիս թափանցիկության և հաշվետվելիության առումով, դա կլիներ առողջ և հասկանալի քննադատություն մեզ համար:

Վերջում երկու խոսք գազի սակագների քաղաքականության մասին, հավանաբար պարոն Օսկանյան տեղյակ չեք, որ Ձեր կողմից մատնանշվող քաղաքականությունը կառավարությունը սկսած 2011թ-ից իրագործում է, այն է` գազի սակագների բարձրացման ծանրությունը փոխհատուցելու համար միայն սոցիալապես խոցելի խմբերին ուղղակի սուբսիդավորում է տրամադրում: 
Պետք չէ կառավարությանը վերագրել քայլեր որոնք իրականում չեն արվել, ապա դա դարձնել քաղաքական պայքարի տեսակ, այս մեթոդը իրեն կարդարացնի միայն կարճաժամկետ, բայց ոչ երկարաժամկետ նպատակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել