Տեղեկատվություն հրապարակողը, եթե նույնիսկ հրապարակել է տեղեկատվության բովանդակությունը բառացի կամ բարեխիղճ և հղում է կատարել աղբյուրին, չի ազատվում պատասխանատվությունից, եթե դատավարության ընթացքում կապացուցվի, որ նա գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` զրպարտություն լինելու մասին, քանի որ նման դեպքում անձի մոտ առկա է զրպարտելու դիտավորությունը: Այս դեպքում ինչպես տեղեկատվությունը կրող աղբյուրը, այնպես էլ այդ տեղեկատվությունը հրապարակողը կրում են համապարտ պատասխանատվություն որպես համատեղ վնաս պատճառողներ:

Բովանդակային առումով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ: Տեղեկատվությունը տարածելիս և ոչ թե դրանից հետո աղբյուրի բացահայտումը նպատակ է հետապնդում այդ տեղեկատվության հասցեատերերի մոտ ապահովել տեղեկացվածություն այն մասին, որ զրպարտությունը կամ վիրավորանքը դուրս է գալիս կոնկրետ սուբյեկտից, այլ ոչ թե անմիջական հրապարակողից կամ անորոշ թվով սուբյեկտներից: Աղբյուրի բացահայտումը, կախված աղբյուրի տեսակից, կարող է ազդել հասարակական կարծիքի ձևավորման վրա: Մինչդեռ տեղեկատվության աղբյուրը դատական վարույթի ընթացքում բացահայտելը լիարժեք չի ապահովում զրպարտող կամ վիրավորող սուբյեկտի վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 որոշում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել