Լինում է, չի լինում մի աղքատ մարդ է լինում։ Մտածում է ինչ անի, ոնց անի, որ իր տունը պահի։ Վճռում է՝ գնա մի ունևորի ծաոա մտնի, ռոճիկ ստանա։

Էսպես էլ վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Մի բարաթ են ստորագրում, թե էսպես ու էսպես, մինչև 2043 թիվը կկվի ձեն ածելը հաշիվ չի, դրանից հետո էլ կերևա։ Էս հարուստը մի չլսված պայման էլ է դնում ծառային։ Ասում է՝ «մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հարյուր միլիոն մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ՝ էլի դու, բայց արդեն հինգ հարյուր մանեթի տուգանք տաս»։

-Ես որ սկի միլիոն մանեթ չունեմ ո՞րտեղից տամ,-ասում է ծառան։

-Բան չկա, փոխարենը ինձ մի հիսուն տարի էլ ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի (ախր Տերը եղբայրական տեր է լինում՝ սապոգնօրհնած)։ Ինչ ուզում է անի, ես եմ ու չեմ բարկանալ, իրեն էլ չեմ բարկացնի… պրծանք գնաց։ Ասում է լավ. համաձայնում է։ Տերն էլ գալիս է աղքատի տանը նստում հաց է ուտում, միասին տանում են բարաթն աղքատի բարեկամ խուճուճ նոտարի մոտ հաստատում են, բայց տերը գիշերը ղոնախ չի մնում, վեր է կենում գնում իր ապարանքը։

Էդ օրվանից աղքատը ծառայում է։ Շատ լավ է ծառայում։ Ոչ ինքն է բարկանում, ոչ հարուստ տիրոջը բարկացնում։ Նույնիսկ երբ հարուստ տերը ամեն անգամ ղոնախ գալիս մի հարյուր միլիոն մանեթ փող է ուզում, էս աղքատն էլի իսկի չի բարկանում, տան եղած չեղածը ծախում է, տանում տալիս տիրոջը։ Հո հա՞րիֆ չի, որ բարկանա ու պայմանը խախտի։

Էդպես էլ ապրում են՝ եղբայրական տերն ու ծառան։

Երկնքից երեք խնձոր ընկավ՝ երեքն էլ տիրոջը, քանի որ ա) տերը տիեզերական տեր է, արբանյակներ ունի ու երկինքը վերահսկում է, բ) խնձորն ուրիշ տեղ ընկներ, տերն իր «իսկանդերով» օդում էդ խնձորը կոչնչացներ ու գ) չուտողի մալը ուտողին հալալ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել