Կրկնակի ցավալի էր իմանալ այս դժբախտ պատահարի մասին. նախ ամենակարևորը, որ արդյունքում երկու մարդ զոհվեց, որի համար խորապես ցավակցում եմ նրանց ծնողներին և հարազատներին, և որ վթարի մասնակից էր նաև շատ շատերիս կողմից սիրված և հարգված, մեր օրերի լավագույն արվեստագետներից Վարդան Պետրոսյանը: Ես հասկանում եմ, որ ոչ մի կարեկցանք, առհասարակ ոչինչ չի կարող փարատել նրանց ընտանիքներին պատճառված հսկայական վիշտը: Եվ նույնիսկ շրջանառվող լուրերը Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին, կարծում եմ, ոչնով չի փոխի ստեղծված իրավիճակը: Այլևս ոչինչ հնարավոր չէ հետ բերել:
Ուստի, ես նույնպես ցանկանում եմ միանալ այս նախաձեռնությանը և խնդրել առաջին հերթին զոհվածների ծնողներին և հետո համապատասխան մարմիններին՝ հնարավորինս ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և հաշվի առնել Վարդան Պետրոսյանի ունեցած ավանդը մեր երկրի ու հասարակության առջև: Վերջապես, մենք գործ ունենք ոչ թե շարքային հանցագործի, այլ մեծանուն հայ դերասանի հետ: Եվ յուրաքանչյուրիս հետ հնարավոր է նման դժբախտ պատահար տեղի ունենա:
Բնականաբար, օտարին հեշտ է կողքից խոսել, բայց կրկին ու կրկին ցանկանում եմ ցավակցանքս հայտնել տուժածների ընտանիքներին: Աստված ձեզ համբերություն և ուժ տա՝ հաղթահարելու այս ծանր իրավիճակը:

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել