Tert.am-ը գրում է.

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է Tert.am-ի հարցերին։ Ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝

-Պաշտոնական Երևանը, օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ կարելի է 15 օրում էլ կնքել խաղաղության պայմանագիր, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի։ Ադրբեջանն ասում է, որ ամեն ինչ գրեթե պատրաստ է, բայց Հայաստանն է ձգձգում։ Ո՞վ է ձգձգող կողմն ու ինչու՞։ Արդյո՞ք խնդիրն «անկլավներն» են, կամ այն, որ ադրբեջանցիները չեն ուզում հեռանալ Հայաստանի օկուպացված տարածքներից։ Երևանը, ձեր կարծիքով, դնու՞մ է այս հարցերը։

-Զավեշտալի է, որ հայ հասարակությունը տեղյակ չէ բանակցվող փաստաթղթի բովանդակությունից, և մենք ստիպված ենք կցկտուր արտահոսքերից կամ ադրբեջանական գործիչների խոսույթից կռահել, վերլուծել և ընդհանուր պատկերացումներ կազմել հայ ժողովրդի համար ճակատագրական որոշումների մասին:

Վստահ եմ, որ Փաշինյանը սկզբունքորեն համաձայն է անկլավների անվան տակ Ադրբեջանին փոխանցել մեզ համար ռազմավարական նշանակության տարածքներ: Կասկած չունեմ, որ Ադրբեջանը թղթով դուրս չի գալու օկուպացիայի ենթարկված մեր տարածքներից:

Լավագույն դեպքում դելիմիտացիայի անվան տակ գործընթացը տասնյակ տարիներ կարող է տևել:

Բայց այս ամենը դետալներ են: Կողմերի ռազմավարական մոտեցումները վերլուծելիս է երևում բանակցային գործընթացի ողջ թշվառությունը հայ ժողովրդի համար: Ադրբեջանը չի շտապում, որովհետև օգտագործում է Հայաստանի գործող վարչախմբի սխալները և մեր թուլացած վիճակը՝ մաքսիմալը կորզելու համար: Ալիևը չի վախենում Արևմուտքից (մանավանդ, որ առանձնապես սպառնալիքներ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին չկան էլ), մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, ի տարբերություն Փաշինյանի, անհամեմատելի շրջահայաց է և ընկալելի: Իսկ Փաշինյանի համար գերխնդիր է Ադրբեջանի հետ համաձայնության հասնել առանց Ռուսաստանի, ինչի անունը դրել են «ինքնիշխանություն»:

Եթե կարճ ամփոփենք, ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի լինելու Հայաստանի ապաքինման ծրագիր:

Նիկոլն ուզում է, որ այն գոնե հիվանդության պատմություն լինի, իսկ Ալիևը՝ որ այն Հայաստանի մահախոսականը դառնա:

-ԱԺ նախագահը, նույն հարցազրույցում, հայտարարեց, որ չի բացառում, որ ինչ-որ պահի ադրբեջանցիները կգան Հայաստանում ապրելու։ Արդյո՞ք սա նշանակում է, որ իշխանությունները ներքուստ համաձայն են Բաքվի այս պահանջին և հիմա հասարակությանն են նախապատրաստում։

-Դեմոգրաֆիական ռումբը Ադրբեջանի զինանոցում՝ Հայաստանը միջից պայթեցնելու միջոց է: Սա չտեսնելը ոչ թե կուրություն է կամ տգիտություն, այլ երկրի ապամոնտաժման հերթական ապացույց: Այս տրամաբանության մեջ տխուր օրինաչափություն է, որ գործող վարչախումբը  ոչ թե այդ սպառնալիքը չեզոքացնելու վրա է աշխատում, այլ բացում է հերթական Օվերտոնի պատուհանը:

Խնդրի համար սկզբունքային է չդիտարկել արցախահայերին որպես հակակշռող փաստարկ, Արցախը և իր ժողովուրդը ամբողջությամբ այլ իրավա-քաղաքական կատեգորիաների մեջ են: Նորմալ իշխանություն ունենալու դեպքում Հայաստան եկող ադրբեջանցիների պոտենցիալ վտանգը կհակակշռվեր Ադրբեջանից փախած մի քանի հարյուր հազար մեր հայրենակիցների փաստարկով:

-Հայկական բեռնատարները Լարսից վերադառնում են։ Ռուսական գերատեսչությունը անսպասելի խստացրել է ֆիտոսանիտարական հսկողությունը։ Արդյո՞ք Մոսկվան փոքր չափի պատժամիջոցների է դիմում, հաշվի առնելով հակառուսականության աճը Հայաստանում և դեպի Արևմուտք ռևերանսները։

 -Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամում Փաշինյանի մեղքը հայտնի է և աններելի: Բայց ազնիվ չի լինի, եթե չնշենք ռուսական կողմի բազմաթիվ սխալների մասին այս ուղղությամբ: Հայաստանի գեոպոլիտիկ պատմությունն այնպես է ընթացել, որ մեր վերջին եվրոպական հարևան երկիրը եղել է Բյուզանդական կայսրությունը մոտ 1000 տարի առաջ, իսկ նրանից առաջ ՝ Հին Հռոմը:

Աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել քաղաքական որոշմամբ: Մենք կարող ենք և պետք է դառնանք եվրոպական տիպի պետություն՝ չմոռանալով, որ գտնվում ենք Եվրասիական տարածքում:

Քո անտառի արջից կարող ես նեղսրտել իր երկար քնելու, աղմկոտ լինելու կամ գայլ ու աղվեսի հետ շփվելու համար: Բայց գժտվել, խռովել և իր փոխարեն հույսը դնել հարևան անտառի սլացիկ, գեղեցիկ, փարթամ եղջյուրներով եղնիկի վրա, կնշանակի դառնալ այդ նույն գայլի և աղվեսի ընթրիք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել