Lurer.com-ը գրում է.

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցելու համար նոր կամավորների անհրաժեշտություն չի տեսնում։ Նա այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը զեկույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանում օրական միջինը 1 336 մարդ է պայմանագիր կնքում։ «Ուղիղ պայմանագրերով զինված ուժերում հավաքագրվել է 114 000 մարդ, կա ավելի քան 50 000 կամավոր», - ասել է Շոյգուն:

ՌԴ Պաշտպանության նախարարության ղեկավարն իր զեկույցի ժամանակ խոստացել է նաև, որ մինչև հունիսի վերջ Ռուսաստանը կձևավորի պահեստային բանակ և բանակային կորպուս, որը կստանա ավելի քան 3 000 միավոր տեխնիկա։

Հունիսի 13-ին Ռուսաստանի նախագահը պատերազմի թղթակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրում նոր մոբիլիզացիայի և ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում։

Պուտինի խոսքով՝ ռուսական բանակի շարքերը համալրել է ավելի քան 150 հազար պայմանագրային զինծառայող, և, կամավորների հետ միասին, նրանք կազմում են 156 հազար մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել