Ադրբեջանում տեղի է ունեցել «Միասնության ուժը – 2026» համատեղ ռազմական զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանում։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Պակիստանի պատվիրակությունները։
Որպես զորավարժությունների հիմնական նպատակ նշվել է բանակների միջև համագործակցության ընդլայնումը, անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև կայուն խաղաղության ու անվտանգության ամրապնդումը։
Մասնակիցներին տեղեկություններ են ներկայացվել զորավարժությունների սցենարի և մարտական դրվագների վերաբերյալ։ Պատվիրակությունները նաև ծանոթացել են դրանց անցկացման տարածքին և հստակեցրել առաջադրված խնդիրները։
Համաժողովի արդյունքներով մասնակից երկրները արձանագրություն են ստորագրել և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։



