Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռ շարունակում է ապաքինվել փետրվարի 28-ի օդային հարվածի ժամանակ ստացած դեմքի և ոտքերի ծանր վնասվածքներից։ Այս մասին Reuters-ին հայտնել են Իսլամական Հանրապետության նոր ղեկավարի մերձավոր շրջապատի երեք անանուն աղբյուրներ։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի առաջին օրը Թեհրանի կենտրոնում գտնվող նստավայրին հասցված հարվածի հետևանքով 56-ամյա Մոջթաբա Խամենեիի դեմքը այլանդակվել է։ Ծանր վնասվածքներ են հասցվել նաև ոտքերին։ Այդուհանդերձ, աղբյուրները նշում են, որ Խամենեիի գիտակցությունը պարզ է. նա ձայնային կապի միջոցով մասնակցում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին և ներգրավված է կարևորագույն հարցերի շուրջ որոշումների կայացմանը (այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին)։

Reuters-ը նշում է, որ սա Խամենեիի մերձավորների տված ամենամանրամասն տեղեկությունն է վերջին շաբաթների ընթացքում, բայց գործակալությունը դեռ չի կարողացել լիարժեքորեն ստուգել ու հաստատել այդ լուրերը։

Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, իսկ նրա հայրը՝ երկրի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, զոհվել էր։ Մարտի 7-ին իսրայելական 12-րդ ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է կրտսեր Խամենեիի վիրավորման մասին։ Ավելի ուշ The New York Times-ը գրել է, որ Մոջթաբա Խամենեին վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում։ Եվս մի քանի օր անց Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ նա վիրավորվել է, սակայն «իրեն լավ է զգում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել