Այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, և որ Հայաստանին «մնացել է միայն մի քանի բան անել», այլ կերպ ասած տնային առաջադրանք։ Նույն խոսքում նա նաև հայտարարեց, որ Թուրքիան աջակցում է ՀՀ գործող իշխանությանը առաջիկա ընտրությունների ֆոնին։
Այսինքն՝ խոսքը ոչ միայն ճանապարհի մասին է, խոսքը Հայաստանի տարածքում կայացվող որոշումների և իշխանության պահպանման քաղաքական երաշխավորման մասին է։
Սա ասվում է հիմա, որովհետև միջանցքային օրակարգը մտել է գործնական փուլ,
և Անկարան ու Բաքուն ուզում են հստակ հասկանալ՝ արդյո՞ք Երևանում կա իշխանություն, որը կավարտի սկսվածը։
Սա, փաստորեն, քաղաքական պայմանագրի հրապարակային հաստատում է։
 ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՌԻՍԿԵՐ (պատճառահետևանքային)
•  Եթե ճանապարհը դուրս է գալիս ՀՀ լիարժեք վերահսկողությունից, ապա ՀՀ ԶՈւ-ն ու սահմանապահները չեն կարող լիարժեք գործել այդ գոտում, ինչը նշանակում է անվտանգության վակուում Սյունիքի ներսում։
• Տարանցիկ երթուղին դառնում է ռազմական թիրախ ցանկացած սրման դեպքում, և Հայաստանը ավտոմատ ներգրավվում է նոր ռազմական էսկալացիաների մեջ՝ նույնիսկ առանց իր որոշման։
•  Ճանապարհի փակման կամ «տեխնիկական խնդիրների» միջոցով կարող է գործադրվել մշտական քաղաքական շանտաժ՝ գազ, բեռներ, տնտեսություն, ներքին լարվածություն։
• «Անվտանգության ապահովման» պատրվակով կարող են առաջ քաշվել օտար ուժերի մշտական ներկայության պահանջներ, ինչը փաստացի սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը սեփական տարածքում։
• Տրանսպորտային գոտին ֆիզիկապես բաժանում է երկրի օպերատիվ տարածքը, բարդացնում զորքերի տեղաշարժը և արագ արձագանքը Սյունիքում ու հարակից ուղղություններով։
• Եթե ստեղծվում է հատուկ ռեժիմ Սյունիքում, դա դառնում է նախադեպ նոր տարածքային կամ ենթակառուցվածքային պահանջների համար այլ հատվածներում։
 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ (որոնք, թերևս արդեն իսկ առկա են)
•  Որոշումները կայացվում են Անկարա–Բաքու առանցքով, Երևանը մնում է կատարման փուլում
• Բանակցությունները դառնում են ոչ թե շահերի պաշտպանություն, այլ պարտավորությունների տեխնիկական ձևակերպում
• Ներքաղաքական գործընթացները ստանում են արտաքին հովանավորություն:
Ինչու է գործող իշխանությունը ձեռնտու Թուրքիային ու Ադրբեջանին
• Ընդունել է «խաղաղություն՝ ցանկացած գնով» մոտեցումը
• Չի ֆիքսում կարմիր գծեր անվտանգության հարցերում
• Միջանցքային ռիսկերը ներկայացնում է որպես տնտեսական նախագիծ
• «Տարածաշրջանային ինտեգրումը» անում է սուվերենության հաշվին:
Դրա համար էլ Անկարան բաց ասում է՝
աջակցում ենք այս իշխանությանը, թող այս մոտեցումը շարունակվի։
Եզրակացություն
Երբ միջանցքը կապվում է ընտրությունների հետ, խոսքն այլևս ճանապարհի մասին չէ,
խոսքը Հայաստանի որոշումների վերահսկելիության մասին է։
Եթե սա անցնի, վաղը հարցը չի լինելու՝
միջանցք կա՞, թե՞ չկա։ Հարցը լինելու է՝
ով է որոշում` ինչ է կատարվում Հայաստանի տարածքում։ Եվ սա այն կետն է, որտեղ տնտեսական թեման վերածվում է
պետականության հարցի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել