Գերագույն Հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ Սրբազանը (Վայոց ձորի թեմի առաջնորդ), Գևորգ Սրբազանը (Մասյացոտնի թեմի առաջնորդ) և Վազգեն Սրբազանը (Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ)։ Այս մասին լրագրողներին ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նա մանրամասնեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներն ընտրվում կամ նշանակվում են կապված աշխարհամասից, տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից, ընտրվում են՝  ըստ կարևորության թեմերի առաջնորդները։

«Եթե նախկինում  Վիրահայոց թեմի առաջնորդը Վազգեն Սրբազանն էր և այդ կարգավիճակով  ինքը Գերագույն  հոգևոր խորհրդի անդամ էր, հիմա իրեն փոխանեց Կիրակոս Սրբազանը, ինքնաբերաբար իրավունքի ուժով թեմի հաջորդ առաջանորդը Գերագույն հոգևոր խորհրդում  նախկին  առաջնորդի տեղն է  զբաղեցնում, ինչեպս եղավ  Ֆրանսիայի հայոց թեմի, Ամերիկայի Արևելյան և Արևմտյան հայոց թեմերի պարագայում»,- ասաց Տեր Եսային։

Հիշեցնենք՝ նախօրեին Մայր Աթոռից հայտնել էին, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ. «Նկատի ունենալով, որ 2017 թվականից հետո Եկեղեցական-ներկայացուցչական ժողով հնարավոր չի եղել գումարել օբյեկտիվ պատճառներով, Վեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն։ ԳՀԽ կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ, երբ ընկալյալ կարգով թեմակալ նոր առաջնորդները իրավունքի ուժով փոխարինել են իրենց նախորդներին, ինչպես ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այդպես էլ Վիրահայոց թեմի պարագայում։

Փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել