Մեղրիի զորամասի մասին կեղծ հայտարարությունը հիբրիդային հարձակման մասին է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Սա լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության համար, ավել բան չեմ կարող ասել, պարզապես կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար»,- ընդգծեց Պապիկյանը։

Հիշեցնենք՝ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանը հայտարարել էր, թե, իբր, Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, վերադասի կողմից էլ չկրակելու հրահանգ է տրվել։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն արձագանքել էր այս հայտարարությանը՝ Նաիրա Գևորգյանին համարելով «ԶՈւ-ում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձ»։

«ԶՈւ-ում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:

Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ  հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»,- նշել էր ՊՆ մամուլի քարտուղարը։

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի հայտարարությունը՝ իրավական գնահատական տալու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել