ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրի 2026 թվականի պաշտպանության բյուջեի օրինագիծը:
Այդ մասին հաղորդել է The Hill թերթը։
Հրապարակման տվյալներով՝ օրինագիծը հաստատվել է 312 ձայնով, դեմ է քվեարկել 112 օրենսդիր։
Փաստաթուղթը կուղարկվի Սենատ, որտեղ, ըստ ԶԼՄ-ների, քվեարկությունը սպասվում է հաջորդ շաբաթ։
Օրինագծի համաձայն՝ 2026 թ. պաշտպանության բյուջեն կկազմի 901 միլիարդ դոլար. այն նախատեսում է 400 միլիոն դոլարի չափով ռազմական օգնություն Կիևին։
Բացի այդ, պետք է բարձրացվեն զինծառայողների աշխատավարձերը, սահմանափակվեն ԱՄՆ-ի ներդրումները Չինաստանում, ինչպես նաև ամբողջությամբ վերացվեն Սիրիայի դեմ պատժամիջոցները։
Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված փաստաթուղթը նախատեսում է Եվրոպայում առնվազն 76 հազար ամերիկացի զինծառայող պահել՝ հիմնական մարտական տեխնիկայի հետ միասին։
Բացի այդ, դրույթ է նախատեսված Հարավային Կորեայում ամերիկյան զորքեր պահելու մասին, որի համաձայն զորքերի նվազագույն թվաքանակը պետք է լինի 28,5 հազարի մակարդակում։
Ի թիվս այլ դրույթների, օրինագիծը նախատեսում է 38 միլիարդ դոլարի հատկացում ավիացիոն տեխնիկայի արտադրության ու ձեռքբերման համար, 34 միլիարդ դոլար՝ միջուկային ծրագրերի համար, 26 միլիարդ դոլար՝ նավաշինության և 25 միլիարդ դոլար՝ զինամթերքի արտադրության համար։



