Հայաստանում սպառողական հասարակության ակնկալիքները բավարարելու լավագույն քարոզչական մեքենայություններից մեկը Եվրամիության անդամ երկրների վիզաների ազատականացման մասին «խոսույթն» է։
Մեր հասարակության մի նկատելի հատվածն իր համար բաղձալի շենգենյան մուտքի արտոնագիրը ստանալու համար լուռումունջ պատրաստ է չնկատելու տալ ցանկացած օտարերկրյա ներկայացուցչության նույնիսկ դռնապանի արհամարհական և նվաստացուցիչ վերաբերմունքը, միայն թե անձնագրում ունենա իր «երազանքի» այդ թղթոնը, իսկ հետո՝ երկարաձգի այն մեկ կամ մի քանի տարով։
Միևնույն ժամանակ հասարակության «եվրոպամոլ» այս հատվածի համար, մեղմ ասած, ամենևին հրապուրիչ չէ միջին վիճակագրական եվրոպացու մինիմալիստական և համեստ կենցաղը, ուստի եվրոպական արժեքներից, որպես կանոն, Հայաստան են «ներմուծվում» գրեթե բացառապես այսինչ եվրոպական քաղաքում «մի հատ կոֆե խմելու» և «աութլեթներից էժան, բայց բրենդային մայկա առնելու» պատմությունները միայն, միևնույն ժամանակ առիթ ընձեռելով ամենաբարձր մակարդակի մուննաթի համար, թե՝ «եթե ամեն ինչ լավ չէ, ինչպե՞ս եք այսքան գնում եվրոպաներ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել