Եկեք արձանագրենք, որ իրողությունը դրական է այն առումով, որ նույնիսկ քրեակատարողական ծառայության աշխատակցի երեխան կարող է տեղափոխվել ՔԿՀ՝ խափանման միջոց կրելու։ Մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ համակարգում աշխատողի ընտանիքի անդամներն անձեռնմխելի չեն և չեն կարող լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ խոսելով Զորական գյուղի ավագ դասարանների աշակերտերի մասկացությամբ խմբակային ծեծկռտուքի մասին, որտեղ մի քանի տղաներ ծեծում են մի տղայի:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծեծի հեղինակ տղաներից մեկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։

«Հոր հետ կապված, ես կասեմ հետևյալը. քանի դեռ չեն ստացվել տվյալներ, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ինչ-որ կերպ ազդել է նախաքննության վրա, կամ փորձել է ինչ-որ պայմաններ ստեղծել, որպեսզի որդին ավելի լավ պայմաններում կրի խափանման միջոցը, մենք չենք դիտարկում պաշտոնավարման դադարեցման հարցը:  Եթե և երբ ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն լիազորությունների շարունակականության հետ, մենք այդ հարցը կքննարկենք»,-նշել է նախարարը:

Նա հավելել է, որ պետք է զգույշ լինել, որպեսզի որևէ մեկի իրավունքը չխախտվի,  անկախ նրանից՝ այն անձը, որի իրավունքի հնարավոր խախտման մասին խոսվում է, ինչպիսի հակաիրավական արարք է կատարել:

«Թող տպավորություն չստեղծվի, որ սա ասելով փորձում եմ պաշտպանել նմանատիպ անընդունելի արարքը: Մենք իրականում շատ վատ երևույթի հետ գործ ունենք:  Ցանկացած տեսակի բռնություն անընդունելի է, դատապարտելի և իրականում ցավալի, որ մեր հասարակությունում կան նման դեպքեր»,-ասել է Սրբուհի Գալյանը: 

Արդարադատության նախարարը հորդորել է, որ երեխայի հայրը, և առհասարակ ցանկացած ընտանիք հետևություններ անեն դեպքից: 

Հարցին՝ արդյոք ուժային համակարգում պետք են այնպիսի աշխատողներ, որոնք նույնիսկ սեփական երեխայի վարքը չեն կարողանում ապահովել, նախարարը պատասխանել է. «Եթե մեր անմիջական արձագանքը լիներ, օրինակ լիազորությունների դադարեցումը, մեզ վստահաբար մեղադրելու էին հաշվեհարդար տեսնելու մեջ: Մենք հստակ գիտենք, թե մեզ ինչպիսի ծառայողներ են պետք. այդ ծառայողները պետք է լինեն բարեվարք, անկաշառ, պրոֆեսիոնալ։ Երեխա դաստիարակել կարողանալ-չկարողանալը այլ հարց է»,-նշել է նա և հիշեցրել, որ ՀՀ-ում գործում է անհատական և անձնական պատասխանատվության համակարգ, որը նշանակում է, որ քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասն ինքն է պատասխանատու իր կողմից կատարված հակաիրավական արարքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել