ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում անցկացվել է հետազոտություն «Սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով՝ պարզելու այս խնդրի խորացվածության աստիճանը մեր երկրում:

Հղիության արհեստական ընդհատման նպատակով բուժհաստատություններ դիմած կանանց շրջանում իրականացվել է հարցում, որի նպատակն էր ուսաումնասիրել հղիության արհեստական ընդհատման պատճառները, այդ թվում սեռով պայմանավորված աբորտի դիմելու որոշման կայացումը, մանկաբարձական անամնեզի առանձնահատկությունները, ընտանիքում տղա/աղջիկ երեխաների առկայությունը և վերարտադրողական վարքագիծը: Քանակական հարցման են ենթարկվել հանրապետության բոլոր մարզերի և Երևանի քաղաքի ծննդօգնության հիմնարկները հղիության արհեստական ընդհատման նպատակով 2011թ. հուլիս-օգոստոս ամիսներին դիմած կանայք, ովքեր համաձայնել են մասնակցել հարցմանը: Ուսումնասիրության մեջ ընդգրկվել են 368 կին, որոնց միջին տարիքը կազմել է 29,6 տարի: Համաձայն Հայաստանում ժողովրդագրական առողջապահական հետազոտության տվյալների (ՀԺԱՀ, 2010թ.)` ծննդաբերությունների առավելագույն թվաքանակը արձանագրվում է 20-25 տարիքային խմբում, իսկ աբորտները` 25-29 տարեկանում: Այն նշում է, որ Հայաստանում կանայք սովորաբար դիմում են աբորտի 1 կամ 2 երեխա ունենալուց հետո: Այդ առումով նույնն է վկայում նաև սույն հետազոտությունը:

Հետազոտվածների մանկաբարձական անամնեզի ուսումասիրությունը ցույց տվեց, որ ընդամենը 19 հարցված (5,2%) էր ունեցել մեկ հղիություն: Ճնշող մեծամասնությունը` 176 (47.8%), ունեցել էին 4 և ավելի հղիություն, 2 և 3 հղիություն ունեին համապատասխանաբար 17.4% և 28.8%-ը, ընդամենը 3 կին չէր ունեցել հղիություն: 

Նախկինում կատարված աբորտների վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ հարցման մասնակցած յուրաքանչյուր 5-րդ հղին չի ունեցել հղիության արհեստական ընդհատում: Ընդհանուր առմամբ աբորտների հաճախականությունը ըստ աբորտների թվաքանակի ցուցաբերում է նվազման միտում. այսպես, եթե 1 աբորտ անամնեզում նշել էր յուրաքանչյուր 3-րդ կինը (36.1%), 2 աբորտ` 98-ը (26.6%), 3 աբորտ` 32-ը (8.7%), ապա 4 և ավելի` ընդամենը 37-ը (10.1%):

Աբորտի դիմած կանանց երեխաների տղա /աղջիկ հարաբերակցության ուսումասիրությունը առաջին ծննդաբերության ժամանակ ցույց տվեց, որ երեխաների տղա/աղջիկ հարաբերակցությունը մոտ է բնականին` 1.04 (51% և 49%), իսկ վերջին ծննդաբերությունից ծնված երեխաների շրջանում փոքր-ինչ գերակշռում էին տղաները` 51.7% 48.3%-ի փոխարեն, սակայն հարաբերակցությունը` 1.07, կրկին մոտ էր բնականին: Նախորդ հղիությունների ելքի ուսումասիրությունը ցույց տվեց, որ հղիությունների կեսից ավելին (54.2%) ավարտվել է ծննդաբերությամբ, ամեն 10-րդ կնոջ մոտ` ինքնաբեր վիժումով, իսկ (36.2%)-ի մոտ` հղիության արհեստական ընդհատումով:

Հղիության ընդհատման պատճառների վերլուծությունը ցույց տվեց, որ հիմնական դեպքերի 46.2%-ը կապված էր հղիության անցանկալի ու չպլանավորված լինելու հետ: Այնուամենայնիվ, փոքր թիվ չէին կազմում սոցիալ-տնտեսական գործոններով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, ինչն արձանագրվել է յուրաքանչյուր 3-րդ հարցվածի մոտ (39.1%): Բժշկական ցուցումներով հղիությունը ընդհատվել էր 27 կնոջ (7.3%) մոտ, ինչը փաստում է հղիների ոչ բարվոք առողջական վիճակի մասին: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման համար ծննդօգնության ստացիոնար բուժհիմնարկ էին դիմել 17 (4.6 %) կին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել