Civilnet.am-ը գրում է.

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մինչև 30 օր ժամանակ է պահանջել՝ պատասխանելու ՍիվիլՆեթի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն միջոցառումներին, որոնք արտասահմանում կազմակերպվում են «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով: Գրում է ՍիվիլՆեթը։

Հոկտեմբերի 31-ին ուղարկած մեր հարցմանն ԱԳՆ-ն արձագանքել է նոյեմբերի 10-ին։ Գերատեսչությունը, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ժամկետի երկարաձգումը բացատրել է «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ», «աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»։

ՍիվիլՆեթի հարցման բովանդակությունն այն էր, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում անցկացվել էր միջազգային համաժողով՝ այսպես կոչված՝ «պատմական հողեր վերադառնալու արևմտյան ադրբեջանցիների իրավունքի» վերաբերյալ։ Միջոցառումը կազմակերպվել էր «Արևմտյան ադրբեջանցիների» համայնքի և ֆրանսիական ոչ կառավարական CAP Freedom of Conscience կազմակերպության աջակցությամբ:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ համաժողովին մասնակցել են միջազգային իրավունքի մասնագետներ, հետազոտողներ և հասարակական գործիչներ Բելգիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից և Ադրբեջանից։ «Մասնակիցները քննարկել են ադրբեջանցիների՝ իրենց հողերից արտաքսման հարցը և շեշտել, որ վերադարձի իրավունքը միջազգային փաստաթղթերով ամրագրված հիմնարար իրավունքներից է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել