Երևանյան նորաձևության շաբաթը այս տարի դարձավ քաղաքի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ միավորելով դիզայներների, արվեստագետների և նորաձևության սիրահարների միևնույն տարածքում։ Միջոցառումը նպատակ ուներ բացահայտել հայկական նորաձևության նոր ուղղությունները՝ ընդգծելով տեղական ստեղծագործական ներուժը և համաշխարհային միտումների հետ համընթաց զարգանալու ձգտումը։ Շաբաթվա ընթացքում պոդիումներն ու տաղավարները վերածվել էին հարթակի, որտեղ յուրաքանչյուր դիզայներ պատմում էր իր տեսլականը՝ նյութերի, գույների ու ձևերի լեզվով։
Այս տարվա Yerevan Fashion Week-ը առանձնացավ իր բազմաշերտությամբ՝ ներկայացնելով ինչպես նոր անուններ, այնպես էլ արդեն ճանաչված բրենդներ։ Ցուցադրությունների ձևաչափը ներառում էր թե՛ ավանգարդ, թե՛ ավանդական մոտեցումներ՝ ստեղծելով ժամանակակից նորաձևության ինքնատիպ մոզաիկա։
Ներկայացված էին մի շարք տաղավարներ, որոնցից աչքի ընկան հատկապես Nikolyan Fashion House-ը, որը ներկայացրեց դասական շքեղության և նրբագեղ կտրուածքների հավաքածուն։ Այն իր մեջ համադրել էր ժամանակակից նյութերն ու ավանդական ձևերը։ Իսկ Kivera Naynomis-ը հանդես եկավ ավելի համարձակ, գունային հակադրություններով լի հավաքածուով՝ ներկայացնելով կնոջ ազատ ու ինքնավստահ կերպարը։ Shabeeg-ի տաղավարը, իր հերթին, ընդգծում էր հայկական տեքստիլ ժառանգությունը՝ վերաիմաստավորելով ավանդական նախշերը ժամանակակից կտորների և ձևերի մեջ։
Ներկայացված տաղավարներից առանձնացավ Curious X-ը՝ իր փորձարարական ձևավորմամբ։ Այն ներկայացավ որպես հարթակ, որտեղ ամենահետաքրքիր մտքերը հատվում էին՝ ձևավորելով անսպասելի համադրություններ և փոխակերպող փորձառություններ։ Այստեղ ավանդականը վերաիմաստավորվում էր՝ վերածվելով ժամանակակիցի, իսկ արվեստը ստանում էր նոր շունչ՝ բացահայտելով իր անսահման հնարավորությունները։
Curious X-ի շրջանակում ներկայացվեց հատուկ համագործակցություն դիզայներ Գայա Գևորգյանի (Gaya) և նկարիչ Գարեգգինի միջև։ Նրանց համատեղ աշխատանքը միավորեց նորաձևության ու արվեստի աշխարհները՝ ստեղծելով համադրություն, որը շեշտում էր մշակութային ժառանգության և ժամանակակից գեղագիտության կապը։
Ինչպես նշեց Գայանե Գևորգյանը՝ «“Արձագանք” հավաքածուն փոխանցում է հայկական մշակութային ժառանգության շունչն ու ճարտարապետական լուծումները։ Յուրաքանչյուր կերպար ընդգծում է դետալների գեղեցկությունը՝ տալով ոճային վերաիմաստավորում ժամանակակից նորաձևության մեջ։ Նորաձևությունը համատեղել արվեստի տարբեր ոլորտների հետ՝ դա իմ ամենակարևոր ոգեշնչումներից մեկն էր, և ես հենց այդ պատճառով ընտրեցի Curious X-ի համագործակցությունը Գարեգգինի հետ, որովհետև նա կարողացավ շատ հետաքրքիր, մի քանի դետալ ընդգծելով ցույց տալ ամբողջ կոլեկցիայի շունչը»։
«Գայա» հավաքածուն ներառված էր Yerevan Fashion Week-ի 20 պոդիումային ցուցադրությունների շարքում։ Այն պատմում էր ոչ միայն հայկական պատմության մասին, այլև՝ հայ կնոջ ներքին ուժի ու կերպարի, որոնք հաճախ դժվար է արտահայտել, սակայն Գայայի կերպարները դրանք վառ կերպով շեշտեցին։
Այս տարվա Yerevan Fashion Week-ը դարձավ ոչ միայն նորաձևության տոն, այլև ստեղծարարության, համագործակցության ու ինքնության արտահայտման հարթակ՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը տարածաշրջանային նորաձևության քարտեզի վրա:



