Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից երեխաները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ապա պատգարակներով մոտեցրել շտապօգնության մեքենաներին։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել